
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
Հայաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են բուժական և հակահամաճարակային միջոցառումներին առնչվող հարցեր:
Առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են Հայաստանում և Վրաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը, մտքեր փոխանակել առաջացած մարտահրավերի հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող միջոցառումների մասին, ինչպես նաև քննարկել փոխօգնության հնարավորությունները:
Կարևորելով երկկողմ քննարկումները՝ գործընկերները պայմանավորվել են ստեղծել փորձի փոխանակման մշտական հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին նմանատիպ քննարկումն իրականացնել տեսակապի ձևաչափով` երկու երկրների առողջապահության նախարարների մասնակցությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հակահամաճարակային միջոցառումների թեմայով ռազմավարական հարցերի երկկողմ քննարկումներ կազմակերպելու շուրջ, հատկապես` աշնանը համավարակի հնարավոր տարածմանը պատրաստ լինելու համար։