
2023 թվականի հունվարի 9-ից փետրվարի 16-ն ընկած ժամանակահատվածում «Փոթի նավահանգիստ», վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-հայկական «Սադխլո-Բագրատաշեն» մաքսակետերում չհայտարարագրված ծխախոտի ապօրինի ներկրման փորձեր են կանխվել, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։
Եկամուտների ծառայության մաքսային ծառայողները տարբեր երկրների քաղաքացիների ֆիզիկական և անձնական ուղեբեռում, ինչպես նաև նրանց հսկողության տակ գտնվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերել են ընդհանուր 35 հազար 140 տուփ չհայտարարագրված ծխախոտ։
«Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինախախտ քաղաքացիներին որպես պատժամիջոց զրկել են իրենց ապրանքներից և յուրաքանչյուրին տուգանել հազարական լարիի չափով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: