Հայաստանում համաճարակի բռնկման առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը նախաձեռնեց «Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավը, որի շուրջ համախմբվեցին աշխարհասփյուռ հայկական համայնքները, տեղական մարմիններն ու կազմակերպությունները՝ սատար կանգնելու հայրենիքին և համաճարակը հնարավորինս արագ հաղթահարելու համար։
Վերջերս վիրահայությունը ևս միացավ համահայկական այս շարժմանը։ «Ալիք Մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի նախաձեռնությամբ Վրաստանից թվով 10 թթվածնային խտացուցիչ գնվեց։ Անհատական աջակցությունը շուտով վերածվեց ավելի կազմակերպված «Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնության, որը սիրով ընդունվեց վիրահայերի կողմից, ինչի արդյունքում ևս 17 սարք գնվեց։ Արագ համախմբման արդյունքում արդեն ընդհանուր առմամբ 27 թթվածնային խտացուցիչ և 3 հազար դիմակ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հասավ հայ-վրացական սահման։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համակարգում էր ողջ գործընթացը և երեկ կես գիշերին կազմակերպեց սպասված բուժտեխնիկայի տրամադրումը ՀՀ առողջապահության նախարարությանը։
Վիրահայերը մեծ պատրաստակամությամբ մասնակցում են նաև «Մեկ դիմակ, մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքին։ Հավաքված գումարով գնվելու են դիմակներ, ինչպես նաև այլ բժշկական պարագաներ, որոնք ևս ուղարկվելու են Հայաստան։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը կկազմակերպի դիմակների տրամադրումը սոցիալապես անապահով խմբերին։
Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների նման համախմբումը ոգևորիչ էր նաև այլ հայկական համայնքների համար․ համահայկական դրամահավաքին միացել են նաև Բելգիայի և Լյուքսեմբուրգի հայրենակիցները։
Շնորհակալ ենք մեր բոլոր նվիրատուներին անվերապահ վստահության և աջակցության համար։
«COVID-19» Հայաստան․ միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքին միանալու համար այցելե՛ք:
Նյութի աղբյուր՝ himnadram.org