Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Հայաստանում է:
Երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը: Հիշեցնենք` փաստաթուղթը ստորագրվում է 2010 թվականից սկսած:
Դավիթ Տոնոյանը և Լևան Իզորիան նաև համատեղ ճեպազրույց են ունեցել:
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի` տարին հագեցած է պաշտպանական ոլորտի միջոցառումներով՝ ռազմական կրթություն և բժշկություն, մարդու իրավունքներ, կոռուպցիայի դեմ պայքար:
«Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ևհավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին»,— ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրա վրաց գործընկերն էլ ի պատասխան նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր հաջողված փորձը փոխանցել Հայաստանին:
«Քննարկումները շատ արդյունավետ էին այն տեսանկյունից, թե ինչպես խորացնենք մեր երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցությունը: Վրացական կողմը հաջողությամբ կիսում է իր փորձը ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ և պատրաստ է իր փորձը կիսել նաև հայկական կողմի հետ,- ասել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը` նշելով, որ գնահատում է հայ զինծառայողների մասնակցությունը Վրաստանում կայացած «Արժանի գործընկեր -2018»-զորավարժություններին: