Հայաստան-Վրաստան Մ-6 միջպետական ճանապարհը փակ է

Լուսանկարը՝ ՀՀ ՆԳՆ-ի էջից

Հայաստանի Հանրապետության Ալավերդի քաղաքի տարածքում Դեբեդ գետն այս գիշեր դուրս է եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 (Հայաստան-Վրաստան) միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակ է, տեղեկանում ենք ՀՀ ավտոճանապարհների դեպարտամենտի էջից:

«Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով», – նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն էլ հորդորում է տնտեսվարողներին Վրաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները»,- հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից:

Ընդգծենք նաև, որ «Հարավկովկասյան երկաթուղին» չեղարկել է մայիսի 26-ի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքները։

Ըստ ՀՀ ներքին գործեի նախարարության նախանական տվյալների՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով, նախնական տվյալներով, կա մեկ զոհ, մեկ տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: