Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Հանդիպմանը Ղարիբաշվիլին և Ռիքերը խոսել են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորության մասին։
Ըստ տեղեկության՝ նշվել է ռազմավարական գործընկերության դրական դինամիկան, որը պայմանավորված է երկու երկրների համագործակցության շրջանակներում իրականացվող քայլերով։
Հանդիպմանը արտահայտվել է առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու լիակատար պատրաստակամություն։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան երկխոսության մեջ Վրաստանի միջնորդական դերին:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ և կարևոր միջոցն են ցանկացած հակամարտությունը լուծելու և առաջ շարժվելու համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը և կառավարության վարչակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն։