2011 թվականից ի վեր Թբիլիսիում «Հայարտուն» կենտրոնում գործում է Մովսես Խորենացու անվան նախակրթարանը, որը մինչև այսօր տվել է մոտ 100 շրջանավարտ: Այսօր արդեն նախակրթարանը ներառում է երկու՝ ավագ և կրտսեր խմբեր, որտեղ երեխաները պատրաստվում են դպրոցական տարիքին՝ սովորելով հայերեն տառերը:
Այս տարի նախակրթարանի 10 շրջանավարտներից 8-ը հայկական դպրոցներում կսովորեն, որտեղից մեկն ընդունվել է թիվ 103 հանրային դպրոց, իսկ մնացած 7-ը Թբիլիսիի տարբեր թաղամասերից ամեն օր կհաճախեն 104 հանրային դպրոց: Շրջանավարտների թիվը կախված է եղել սահմանափակումից՝ նախակրթարանում կսովորեն միայն նրանք, ովքեր պատրաստվում են հայկական դպրոցներ ընդունվել: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն, Վիրահայոց թեմի կրթական բաժնի ղեկավար Եվգենիա Մարկոսյանն «Ալիք» մեդիայի հետ զրույցում ասում է․
«Այս տարի շատ խիստ խտրականություն չսահմանեցինք զուտ հայկական դպրոց գնացողների համար: Ես գտնում եմ, որ նախակրթարանում երեխան սովորում է նաև հայկական ազգային պարերը, երգերը, տառերը, խոսքը, ամեն օր հաճախում եկեղեցի՝ այսպիսով ստանալով հայեցի դաստիարակություն: Նախակրթարանում ձևավորվում է երեխայի հայկական ոգին, այս պատճառով ընդունեցիք նաև նրանց, ովքեր պատրաստվում են այլ դպրոցներ ընդունվել»,- ասում է Մարկոսյանն ու ավելացնում, որ նրանց համար, ովքեր հայկական դպրոցներում են սովորելու, որևէ տեսակի խոչընդոտ չկա ընդունելության տեսանկյունից:
Այս պահին ավագ խմբում սովորում է 23 երեխա, կրտսերում՝ 25: Ընդունելությունը սկսվում է 3,5 լրացած երեխաների համար: Ավագ խումբը նախադպրոցական է՝ այստեղ սովորում են տառերը՝ գրել ու կարդալ հայերեն, ինչպես նաև վրացերեն և անգլերեն լեզուները՝ խոսքի, երգերի մակարդակով: