Թբիլիսիի Գիորգի Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանում այս օրերին թումանյանական շունչն է թևածում․ Վրաստանի գրականության թանգարանը հյուրընկալել է Հայ մեծ գրող, 19-20-րդ դարերի Թիֆլիսի ականավոր գործիչ Հովհաննես Թումանյանի հիշատակի 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը։
Միջոցառման բացման արարողությանը հայ և վրացի գործիչներն ընդգծեցին, որ ցուցահանդեսի վայրը պատահական չէ ընտրված։
Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով` Վրաստան ժամանած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ընդգծելով, որ վայրի ընտրությունը խորհրդանշական է՝ մեջբերեց վրացի մտավորական Գիորգի Լեոնիձեի գնահատականն ուղղված Թումանյանին․ «մեծ բանաստեղծները պատկանում են բոլոր ժողովուրդներին»։
«Ցուցահանդեսի անցկացման վայրը պատահական չի ընտրվել, քանի որ այս թանգարանի դարաններում վստահաբար պահվում է հարուստ գրական ժառանգություն, որոնք Հովհաննես Թումանյանի գրչակիցներն են թողել։ Նրանց փոխադարձ ջերմ զգացումների, խոհերի և զրույցների մասին վկայությունները թե հուշագրություններում են, թե նոթերում․․․», — ասաց փոխնախարարը։
։
«Հայ-վրացական բարեկամությունը խորացնելու և ամրապնդելու գործում շատ մեծ դեր ունի միմյանց մշակույթի ուսումնասիրությունը, դրա պահպանումն ու տարածումը։ Ուստի պետք է ավելի հաճախ ցուցադրենք մեր ազգայինը մեկս մյուսի երկրում։ Ցավոք և Վրաստանում, և Հայաստանում, շատ քիչ բան գիտեն իրար մասին, ինչքան շատ իմանանք, այնքան կամրապնդենք մեր հարաբերությունները», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Վրաստանի Գ. Լեոնիձեի անվան վրացական գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեն։
Նշում է, որ մեծ պատիվ է թանգարանում հյուրընկալել թումանյանասերներին․
«Գաղտնիք չէ, որ Թբիլիսին հայ գրականության և մշակույթի 19-րդ և 20-րդ դարասկզբի խոշոր կենտրոնն էր։ Դա պարտադիր պետք է հիշի ինչպես հայ, այնպես էլ վրացի ժողովուրդը, ուստի այս ցուցահանդեսը կարևոր միջոցառում է․ ներկա են վրացի հայագետներ, տավորականներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից։ Հուսով եմ՝ առաջիկա օրերին ևս շատերը կայցելեն՝ ճանաչելու Թիֆլիսում ապրած մեծ գրողին։ Ես տարիներ առաջ եղել եմ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում և մեծ տպավորություններով վերադարձել»։
Բաքրաձեն վստահ է, որ Թումանյանի հիշատակի միջոցառումը Վրաստանի և Հայաստանի միջև ամուր մշակութային կապերի և աննախադեպ համագործակցության սկիզբ կարող է դառնալ․
Թանգարանի տնօրենը նկատում է, որ ցուցահանդեսից նոր տեղեկություններ է ստացել, մասնավորապես, թե ինչ տպավորություն է ստացել գրողն առաջին անգամ գալով Թիֆլիս․ «Մեծ հարսանքատնում եմ հայտնվել։ Երգ, պար, ծափ-ծիծաղ, տոնախմբություն, այն էլ ոչ թե տանը, այլ դրսում, տների կտուրներին․․․»։
Բաքրաձեն նշում է, որ թանգարանում բացված ցուցադրությունը «19-20-րդ դարերի տրամադրություն է առաջ բերել, որը լավագույնս պատկերում է Թիֆլիսի կենցաղը, հայ մարդու կյանքը»։
«Ալիք մեդիայի» հարցին ի պատասխան նա նշեց, որ թանգարանի պահոցներում կան հայկական և հայալեզու հնագույն նմուշներ։
«Դրանք ոչ միայն Թիֆլիսում և Վրաստանում գործունեություն ծավալած հայ բանաստեղծների աշխատություններ են, այլ նաև հայ և վրացի գրողների՝ միմյանց հետ սերտ կապերի արդյունքում առաջացած ընծայագրեր, դրանք պահվում են նաև հայկական և վրացական արխիվներում»։
Նշում է, որ հատկապես 20-րդ դարի հայ գործիչների ստեղծագործությունները ավելի մեծ թիվ են կազմում․ «Կառանձնացնեմ թանգարանում պահպանվող թբիլիսահայ գրող, թարգմանիչ Կարա-Դարվիշի (Հակոբ Գենջյան) ժառանգությունը»։
Նշենք, որ բացի ցուցահանդեսից, Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին տարբեր միջոցառումներ են նախատեսվում։ Այսօր՝ մարտի 24-ին, Վ. Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի կունենա հիշատակի համերգ. ելույթ կունենա «Գեղարդ» երգեցիկ խումբը՝ թումանյանական խոսքի ու կոմիտասյան երաժշտության տրամադրություններով: