«Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության իրականացրած «քաղաքացիական կրթություն» առարկայի 6-րդ օլիմպիադայի հաղթողների շարքում հայալեզու դպրոցի շրջանավարտ, Ծալկայի մունիցիպալիտետի Կիզիլքիլիսա (Ղզլքիլիսա) գյուղից Սոնյա Նազարեթյանն է։
Օլիմպիադան, որին կարող էին մասնակցել Վրաստանի դպրոցների 7-12-րդ դասարանների բոլոր աշակերտները, բացի վրացերենից` արդեն երկու տարի է իրականացվում է նաև հայերեն և ադրբեջաներեն։ Սոնյան օլիմպիադայի առաջին հայազգի աշակերտն է, որ հաղթող է ճանաչվել և պարգևատրվել համակարգչով։
Սոնյա Նազարեթյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմեց, որ սպասելիքները շատ մեծ էին, սակայն տպավորություններն ավելի մեծ են․
«Քաղաքացիական կրթություն բոլորի համար» կայքին վաղուց ծանոթ էի, ազատ ժամանակ մեծ հետաքրքրությամբ կարդում էի դասերը։ Մի օր պատահական տեսա, որ բացի հետաքրքիր դասերից, կայքում նաև կա այդ առարկայից օլիմպիադա, բայց` վրաց լեզվով։
Մեծ հույս ունեի, որ նաև կլինի հայոց լեզվով, որովհետև իմ ցանկությունն էր, որ այդքան վրացիների մեջ լիներ հայ մասնակից և նույնիսկ` հաղթող մասնակից։ Այդպես էլ եղավ։ Երբ տեսա, որ օլիմպիադային արդեն հայոց լեզվով կարող ենք մասնակցել, առանց ժամանակ կորցնելու գրանցվեցի, սկսեցի սովորել կայքում առկա բոլոր դասերը, կատարեցի առաջադրանքները և սկսեցի պատասխանել օլիմպիադայի հարցերին։ Ես իմ առջև նպատակ էի դրել, որ եթե մասնակցեմ, ուրեմն` պիտի անպայման հաղթեմ», — պատմում է Նազարեթյանը։
Հպարտ եմ, ուրախ, որ Քաղաքացիական կրթության օլիմպիադայի հայերեն տարբերակի հաղթողն եմ` ասում է Սոնյան։ Իր հաջողության բանաձևը, ըստ Սոնյայի, նպատակասլացությունն է և հաջողության հանդեպ հավատը․
«Սրանից բացի, ես նաև մասնակցել եմ դպրոցական օլիմպիադաների, տարբեր ծրագրերի, մրցույթների, մի մասը` հայերեն, մյուսը՝ վրացերեն։ Շատ հաճելի է այն փաստը, որ այս հնարավորությունը տրվում է Վրաստանի դպրոցների բոլոր աշակերտներին, և ուրախ կլինեմ, եթե կարողանամ օրինակ ծառայել նրանց համար»։
Սոնյան խորհուրդ է տալիս այս և նմանատիպ այլ կրթական ծրագրերի և մրցույթների մասնակցել ցանկացող աշակերտներին, երիտասարդներին․ «Լինել աշխատասեր, սովորել, չկորցնել ոչ մի րոպե ժամանակ, փնտրել նոր հնարավորություններ և ամենակարևորը` հավատալ սեփական ուժերին»։
Սեփական փորձից ելնելով` Սոնյան նշում է, որ հաջողության հասնելու համար հայազգի երիտասարդներին անհրաժեշտ է տիրապետել պետական լեզվին․
«Իհարկե, առանց պետական լեզվի իմացության մենք ոչինչ էլ չենք կարող անել, ինձ համար դա շատ կարևոր է, այսքան ժամանակ ինչին որ հասցրել եմ մասնակցել և ունենալ հաջողություններ, միայն պետական լեզվի իմացության շնորհիվ է եղել։ Պետական լեզուն սովորել եմ դպրոցում՝ շնորհիվ իմ վրաց լեզվի ուսուցչի։ Նաև մեկ տարի սովորել եմ Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի B1 կուրսում և ավարտել հաջողությամբ։ Տիրապետելով պետական լեզվին՝ ես ինձ զգում եմ Վրաստանի լիարժեք քաղաքացի»։
Մրցույթին մասնակցելու ժամանակ Սոնյա Նազարեթյանը 12-րդ դասարանում էր սովորում, հիմա ավարտել է դպրոցը, դիմորդ է։
«Նպատակներս շատ-շատ են, բայց այս պահին ամենամեծ նպատակս է` ընդունվել Թբիլիսիի պետական բժշկական համալսարան։ Հետաքրքրությունս ապագա մասնագիտությանս հանդեպ մեծ է, ապագայում ուզում եմ դառնալ բժիշկ-սրտաբան։ Վստահեցնում եմ, ինչ հաջողություններ էլ ապագայում ունենամ, մի մասը հօգուտ իմ հայրենի գյուղի կլինի», — եզրափակում է Սոնյա Նազարեթյանը։