Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա»-ն փաստում է, որ տնտեսական հարցեր լուսաբանող BusinessMediaGeorgia (BMG) լրատվականի լրագրող Գիորգի Իսակաձեն նոյեմբերի 14-ի «Սաքմիանի դիլա» հաղորդաշարի (2,25-2,53 րոպե) ընթացքում խախտել է խարտիայի առաջին, հինգերորդ և յոթերորդ սկզբունքները, սակայն, չի խախտել խարտիայի տասնմեկերորդ սկզբունքը:
«Գիորգի Թումասյանն ընդդեմ Գիորգի Իսակաձեի» գործը Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիա» է ներկայացրել «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը։ Վերջինս դիմումում նշել էր, որ Իսակաձեն միտումնավոր սխալ է հայտնել տեղեկատվությունը, արտասանել է հայաֆոբ և խտրական բովանդակությամբ արտահայտություններ, դիմելուց հետո՝ չի շտկել սխալը:
Թումասյանը վիճարկում էր խարտիայի առաջին՝ տեղեկատվության ճշգրտություն, հինգերորդ՝ ուղղում, յոթերորդ՝ խտրականություն, և տասնմեկերորդ՝ փաստերի միտումնավոր խեղաթյուրում սկզբունքների խախտումը։
Նյութում Իսակաձեն ասում է. «Եթե նայենք և ներկայացնենք մեր հարևանների և գլխավոր առևտրային երկրների տնտեսությունները, ապա այստեղ ունենք այսպիսի գործողություն և իրավիճակ: Հայաստանի կառավարությունն ասում է, որ մեր համախառն ներքին արդյունքը մոլորակում ամենահինն է, և, դրա համար մինչև տարեվերջ այն կկրկնապատկվի, որից հետո մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը կկազմի ութ հազար երկու հարյուր դոլար: Սա ասում է Լևան Դավիթաշվիլիի գործընկեր նախարար Վահան Քերոբյանը, ոչ թե փոխվարչապետը, ցավատանեմ վանջան…»:
Թումասյանը պնդել է, որ նշված արտահայտությունը թյուրիմացության մեջ է գցում հանրությանը, իսկ լրագրողը սխալ տեղեկատվություն է հաղորդում լսարանին։
Ի պատասխան, Իսակաձեն ասել է, որ արտահայտությունը կատակով է ասվել, ինքը գիտի, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Հայաստանի իշխանությունն այս հայտարարությունը չի արել։ Իսակաձեի խոսքով, ինքը կոնկրետ վերապահում չի արել, որ այս խոսքերը կատակ են։ Նրա խոսքով, դրա մասին է վկայում արտահայտվելու ձևը, որի պատճառով կատակը ընկալելի կլիներ իր ընկերների և ծանոթների համար, թեև, ըստ նրա՝ կարող էր ընկալելի չլինել մյուսների համար։
Ուշագրավ է, որ «Սաքմիանի դիլան» անդրադառնում է բիզնես նորություններին, և ոչ մի տեղ չի նշում, որ հաղորդման մեջ հաղորդվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը և կրում են ժամանցային բնույթ։ Ըստ այդմ՝ խարտիան «Սաքմիանի դիլա»-ն չի համարում ժամանցային/հումորային արտադրանք։
«Լրագրողը պատճառ չի ունեցել նշված տեղեկությունը որպես փաստ հայտնելու։ Միգուցե դա իր ընկալմամբ «հումորային» արտահայտություն էր, սակայն, երբ հեռուստադիտողը դիտում է բիզնես լուրեր, առանց համապատասխան հղման, տեղեկություն չունի, թե տարածված լուրերից որն է ճիշտ, որը՝ հումորային: Այդ իսկ պատճառով լրագրողը խախտել է խարտիայի առաջին սկզբունքը, քանի որ սխալ տեղեկատվություն է տարածել»,- հայտնել են խարտիայից:
Ըստ խարտիայի՝ լրագրողի արտահայտությունը ծաղրական ենթատեքստ է պարունակում, որը հանգեցնում է խտրականության առաջացման և ամրապնդում է էթնիկ խմբի նկատմամբ գոյություն ունեցող կարծրատիպերը։ Նրանց խոսքով, հայատյացությունը հասարակության մեջ տարածված, բայց չճանաչված խնդիր է։ Լրատվամիջոցները պարտավոր են պայքարել կարծրատիպերի դեմ և չամրապնդել դրանք: Լրագրողը պետք է հասկանա, որ երբեմն նույնիսկ կատակը կարող է խտրական լինել, հատկապես, երբ այս տեսակի կատակները լայն տարածում ունեն հասարակության մեջ և ուղղված են էթնիկ հայերին նվաստացնելուն.
«Հնարավոր է, որ լրագրողի մտադրությունը վիրավորելը չէր, և խարտիան զրկված է այս նախադասության բարձրաձայնման նպատակները քննելու հնարավորությունից, սակայն, լրատվամիջոցը պետք է հասկանա իր պատասխանատվությունը և խտրականությունը խրախուսելու վտանգը»: