ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության Վրաստան կատարված եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում Թբիլիսիում անցկացվեց հայ-վրացական բիզնես ֆորում։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ, միջոցառմանը ներկա էին ավելի քան 300 հայ և վրացի գործարարներ։
Համաժողովն անցկացվեց Հայաստանի ներդրումների իրականացման կենտրոնի, Վրաստանում Հայաստանի դեսպանության, երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների կազմակերպմամբ։
Sheraton Grand Tbilisi Metechi Palace-ի կոնֆերանսների դահլիճում բիզնես ֆորումը մեկնարկեց երկու երկրների նախարարների, կազմակերպիչ և աջակից ընկերությունների ներկայացուցիչների ելույթներով։
Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին վերահաստատեց Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ տնտեսական ոլորտում Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն ունենալու հարցում․
«Վրաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են թևակոխել։ Երկու երկրների միջև տնտեսական կայուն համագործակցությունը, արևտրատնտեսական աճը մեզ համար այնքան կարևոր է, որքան և քաղաքական հարաբերությունները։ Այս փաստի վկայությունը Վրաստանի առևտրային գործընկերների ցանկում Հայաստանի ունեցած բարձր դիրքն է»։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ Վրաստանի և Հայաստանի միջև բազմադարյա պատմությունն ու բարեկամությունը առանձնակի դինամիկա են հաղորդում երկու երկրների ամուր տնտեսական հարաբերություններին։
Նախարարն ընդգծեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առարկաներից մեկն է։
«Հայ-վրացական միջպետական փոխհարաբերություններում տնտեսական բաղադրիչը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում։ Եվ այս համատեքստում անչափ կարևոր է հայ-վրացական համատեղ գործարար համաժողովի անցկացումը, որը երկու երկրների առևտրական հարաբերությունների ամրապնդման լավ հնարավորություն է», — նշեց փոխվարչապետը՝ հավելելով, որ համագործակցության մեծ ներուժ կա տնտեսական ոլորտում, որոնցից են գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը և այլն։
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ևս կարևորեց Վրաստանում և Հայաստանում ներդրումների իրականացումը՝ նշելով, որ դրա համար առկա են բոլոր նախապայմանները․
«Վրաստանը և Հայաստանը լինելով ամենաժողովրդավար երկրները տարածաշրջանում, շատ կարևոր է, որ արդյունավետ համագործակցություն ունենան բոլոր ոլորտներում։ Դրա համար առկա են բոլոր նախապայմանները։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը շատ կարճ ժամանակում կտա իր պտուղները»։
Ելույթներից հետո երկու երկրների ներկայացուցիչները ներկայացրին Վրաստանի և Հայաստանի տնտեսական ներդրումային շուկան։ Ցուցադրվեցին տնտեսական ոլորտի միջազգային ուսումնասիրությունների արդյունքներ, վիճակագրական տվյալներ։
Համաժողովն ավարտվեց B2B ձևաչափով հայ և վրացի գործարարների հանդիպումներով։
Կարդացեք նաև՝
Իջևանն ու Ռուսթավին՝ քույր քաղաքներ․ ՀՀ պատվիրակությունն այցելեց Ռուսթավի