Այսօր` դեկտեմբերի 3-ին, Երևանում «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի նախաձեռնությամբ անցկացվեց համերգային երեկո՝ նվիրված Վրաստանում ծնված հայազգի հայտնիներին։
Սայաթ-Նովա, Սերգո Փարրաջանով, Վիկտոր Համբարձումյան, Տիգրան Պետրոսյան, Ղազարոս Աղայան, Գաբրիել Սունդուկյան․․․
«Հայերի և վրացիների միջև կա դարավոր բարեկամություն, և մենք 21-րդ դարում պետք է այն էլ ավելի ամրապնդենք: Այն, ինչ արդեն ստեղծել ենք, պետք է ամուր պահենք ու փայփայենք», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Հայաստանում վրացական համայնքի ներկայացուցիչ, «Իվերիա» վրացական բարեգործական համայնքի փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի գրողների միության անդամ Նինո Սպանդերաշվիլին։
Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարաշիձեն, դեսպանության դիվանագետներ, Հայաստանի գրողների միության և հայկական մշակութային ֆոնդի անդամներ, ինչպես նաև վրացական մշակույթով հետաքրքրված հյուրեր։
«Մեր պատմական անցյալն օգնում է մեզ, որ մենք կարողանանք ասել, որ այսօր հայ-վրացական հարաբերությունները գտնվում ենք քաղաքական ամենաբարձր կետում։ Ինչ խոսք, սա առաջին հերթին մշակութային կապերն են, գիտական, երիտասարդների հարցերով և իհարկե տնտեսական կապերն են», — երեկոյին իր ելույթում նշեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարաշենիձեն։
Բեմում ելույթ ունեցան վրացական համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները, ինչպես նաև աշակերտներ երաժշտական դպրոցներից։