Հոտնկայս ծափողջույններով են հայ համայնքի ներկայացուցիչները Թբիլիսիի Ռուսթավելի թատրոնում դիմավորել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրան ուղեկցող պատվիրակությանը:
Փաշինյանը հանդիպման սկզբում վերհիշել է, որ վարչապետ ընտրվելուց հետո, 2018-ի հունիսին, իր առաջին պաշոնական այցը Վրաստանի Հանրապետություն է կատարել: Փաշինյանը վերահաստատել է իր այն համոզմունքը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը երբեք չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, ընդհակառակը՝ հետաքրքրված են Վրաստանի կայուն զարգացմամբ. «Մենք հայ-վրացական հարաբերություններում ունենք բացառիկ լավ մթնոլորտ ու թույլ տվեք ասել, որ այդ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել: Սա նոր հնարավորություններ է ստեղծում մեր երկրների համար: Մենք պետք է մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով: Մեր պատմության փուլերում ունեցել ենք ընդհանուր մարտահրավերներ ու ստիպված ենք եղել միասին դիմակայել դրանց»:
Փաշինյանը կարևորել է թբիլիսահայության դերը՝ հատկապես մշակութային ժառանգության մասով, ասելով, որ Թբիլիսիի հայ համայնքը հայ ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերակատարություն ունեցողներից է: Փաշինյանը բարձր է գնահատել վրաց ժողովրդի վերաբերմունքը այդ ժառանգության նկատմամբ:
Հայաստանի վարչապետը կարևորել է ներկա գործողությունների ճիշտ ռազմավարությունը, քանի որ այսօրվա գործողություններով է կանխորոշվելու՝ ինչ միջավայրում կապրեն սերունդները տասնյակ ու հարյուրավոր տարիներ հետո նաև, ու սրա համար ներուժը բավարարում է: Հայաստանը շահագրգռված է, որ Վրաստանի հայը լինի Վրաստանի՝ կայացած ու պատասխանատու քաղաքացի: Փաշինյանն առանձնահատուկ ողջունել է նաև ջավախահայությանը՝ նշելով, որ Ջավախք իր վերջին այցի հետ կապված՝ անմար տպավորություններ ունի:
Փաշինյանի ելույթին հաջորդել է նաև պատվիրակության անդամների՝ ՀՀ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի, ՀՀ ԱԺ հայ-վրացական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի, ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ելույթները, որից հետո Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի առաջարկով՝ հանդիպումը փոխվել է հարց-պատասխան ձևաչափի:
Հայ համայնքի ներկայացուցիչների կողմից հարցեր են բարձրացվել գործարարների համար արդյունավետ ու գրավիչ միջավայր ստեղծելուն, հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական բնույթ տալուն, հայրենադարձությանը վերաբերող և այլ հարցեր:
ՀՀ վարչապետը հանդիպում է Վրաստանի հայ համայնքի հետ
Posted by Aliq Media on Tuesday, March 3, 2020