Հայ-վրացական «Բարեկամության կամրջի» շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, Վրաստանը և Հայաստանը միացնող «Բարեկամության կամուրջ» նախագծի շինարարական աշխատանքները կմեկնարկեն օգոստոս ամսին: Այս մասին «Ալիք մեդիային» հայտնել է «Tunnel Sadd Ariana» իրանական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանը:

Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակում հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Tunnel Sadd Ariana» ընկերությունը:

«Նախագծման փուլը կավարտվի մոտ երկու ամսից, եթե ամեն ինչ առանց խոչընդոտների ընթանա, ամենայն հավանականությամբ, օգոստոս ամսին կմեկնարկեն շինարարական աշխատանքները և կավարտվեն մեկ տարվա ընթացքում», — մեզ հետ զրույցում ասում է կազմակերպության ներկայացուցիչը:

Նրա խոսքերով, «Բարեկամության կամրջի» երկարությունը մոտ 200 մետր է: Կկառուցվեն երկու առանձին, մեկ մետր հեռավորության զուգահեռ կամուրջներ: Կառուցվող կամրջի բարձրությունը 18 մետր կլինի՝ սահմանին գտնվող ներկայիս կամրջից երկու մետրով բարձր:

«Յուրաքանչյուր կամրջի լայնությունը 11,8 մետր է։ Յուրաքանչյուր ուղղությամբ կկարողանա երթևեկել երեք տրանսպորտային միջոց», — ասում է Բաղումյանը՝ հավելելով, որ կամուրջների միջև տարածքը կլինի մոտ մեկ մետր:

Կամրջի կառուցման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 7 միլիոն 3 հարյուր հազար եվրո վարկ, գումարի 50 տոկոսը կմարի Վրաստանը, 50 տոկոսը՝ Հայաստանը:

Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան, իսկ հինը` կվերանորոգվի։ Փորձագետների կարծիքով, խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկի համար այն լավ այլընտրանք կլինի: