Ո՞ր բուհում շարունակել ուսումը: Այս շրջանում հատկապես դիմորդների համար կարևոր է հարցի պատասխանը:
Թբիլիսիում գործող «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը Anglo Georgia կրթական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում մեկնարկեց վիրահայ դիմորդներին տարբեր համալսարանների հետ ծանոթացնելու նախագիծը:
Առաջին հանդիպումը կայացավ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Թբիլիսիի 104-րդ, 103-րդ և այլ դպրոցների 11 և 12-րդ դասարանների աշակերտները ծանոթացան հաստատության կրթական ծրագրին ու առանձնահատկություններին:
«Մենք հիացած ենք այս համալսարանի ֆակուլտետներով, ուսանողական թաղամասով, ուսման հարմար վճարներով, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներից ընդունված ուսանողներին առաջարկվող պայմաններով: Համալսարանն իրոք յուրահատուկ է»,- մեզ հետ զրույցում ասում է Anglo Georgia-ի տնօրեն Ռուսա Շատիրաշվիլին:
Հիշյալ համալսարանի շրջանավարտը միաժամանակ երկու դիպլոմ է ստանում՝ ՌԴ ու ՀՀ պետական նմուշի, իսկ ուսումնական տարիների ընթացքում բարձր գնահատականներ ունենալու դեպքում՝ ուսումը շարունակել Հայ-ռուսական համալսարանի հետ համագործակցող ցանկացած բուհում:
«Նման հանդիպումներ անցկացնելու հարցով Anglo Georgia-ից դիմեցին մեզ՝ որպես երիտասարդներին տարբեր ծրագրերում ակտիվորեն ներգրավող կազմակերպության։ Իմ՝ որպես համայնքային ներկայացուցչի շահն այն է, որ որքան հնարավոր է, շատ անվճար կամ զեղչերով տեղեր ստանալ մեր համայնքի համար: Սա վերաբերում է ինչպես տեղի (վրաստանյան), այնպես էլ Հայաստանում գործող համալսարաններին»,- «Ալիքի հետ զրուցում ասում է «Վիրահայերի միություն» ղեկավար Մարի Առաքելովան:
Համալսարանի աննախադեպ առաջարկներից է նաև Չինաստանի հետ համագործակցությունը: Հայ-ռուսական համալսարանի ուսանողներին հնարավորություն է տրվում մեկ կիսամյակ առանձին ծրագրով չինարեն ուսումնասիրել հենց Չինաստանի համալսարաններում:
Վրաստանի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Դավիթ Ջանամյանին հետաքրքրել էր համալսարանի համագործակցությունը հենց չինական կրթօջախների հետ։
«Իմ ընտրած մասնագիտությունից ելնելով բավականին հետաքրքիր հանդիպում էր։ Ինձ միշտ հետաքրքրում են արտասահմանյան կրթական համակարգերը, համալսարանական ծրագրերը: Կարծում եմ դեռ չկողմնորոշված 12-րդ դասարանի աշակերտների համար ուսումն իրենց հայրենիքում շարունակելու լավ հնարավորություն է»,- ասում է Դավիթը:
Հայ-ռուսական համալսարանում այս պահին սովորում է 3000 ուսանող, նրանց 30 տոկոսը արտասահմանից են, 25-ը՝ Վրաստանից: 2016 թվականից ի վեր այս համալսարանը ներառված է տարածաշրջանի 200 լավագույն համալսարանների ցուցակում: