Ապրիլի 25-ին հայ մեծանուն վիպասան Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) հիշատակի օրը Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության երրորդ քարտուղար Դավիթ Տեր-Մկրտչյանը մասնակցեցին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` Թբիլիսիում առաջին անգամ անցկացվող մեծ գրողին նվիրված հիշատակի միջոցառմանը, որի շրջանակներում Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ և տեղի ունեցավ ծաղիկների խոնարհման արարողություն։
«Հիշատակի միջոցառումը շարունակվեց Թբիլիսիի «Թումանյանի տուն» գիտահետազոտական կենտրոնում, որտեղ Րաֆֆու կենսագրության ուշագրավ փաստերի վերաբերյալ ելույթներով և երաժշտական կատարումներով հանդես եկան «Րաֆֆի» պատանեկան միության անդամները, «Վան» վոկալային ստուդիայի սաներն ու վիրահայության այլ ներկայացուցիչներ»,- հայտնում են Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: