Կանանց ընտրական գործընթացներում ներգրավված լինելու մասին հնչում են տարբեր կարծիքներ, շատերն ասում են, որ կանայք պասիվ են այս գործընթացում, քան տղամարդիկ։ Իսկ որոշների կարծիքով նրանք ցուցաբերում են իրենց ակտիվ մասնակցությունը, անկախ այն հանգամանքից, որ քաղաքական դաշտում կանայք քիչ են, քիչ պաշտոններ են զբաղեցնում։ Տարբեր ժամանակահատվածների համեմատ, իսկապես, որ այժմ բավականին ակտիվացել է կանանց մասնակցությունն ընտրություններում ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերում։
Փարվանա գյուղից Մանուշակ Մկրտչյանն աշխատում է գյուղի դպրոցում, միաժամանակ նա իր լայնորեն ընդգրկված է տարբեր նախագծերում, փորձում է ակտիվ քաղաքացիական կյանքով ապրել, զարգանալ և նպաստել իր շրջանի զարգացմանը։
Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում՝ այդ թվում նաև Սամցխե-Ջավախեթիում, կանայք համեմատած ավելի պասիվ են ընտրական գործընթացներում։ Մանուշակն անդրադարձավ նաև այդ թեմային՝ ասաց, որ Սամցխե-Ջավախքում կանայք մեծ ներգրավվածություն չունեն՝ մտածելով, որ դա տղամարդկանց վերաբերող հարց է, ուստի մեծ ազդեցություն այդ հարցում պետք է ունենա տղամարդը, իսկ ընտրության մասնակցելիս էլ կանայք ընտրում են նրան, ում ասում է տան տղամարդը։ Մանուշակը նկատում է՝ ամուսնու հետ բավականաչափ ներգրավված է ընտրություններում, նա գյուղում անգամ զբաղվում է կամավորությամբ, համագյուղացի կանանց բացատրում է, թե որքան կարևոր է նրանց դերը ընտրություններում՝ կոչ անելով անպայման ունենալ մասնակցություն։
Մանուշակը խոսեց նաև այն մասին, թե ինչպես կարելի է փոխել կանանց կարծիքը, ինչպես անել, որ նրանք ակտիվորեն մասնակցեն ընտրություններին։ Նա ասում է, որ գյուղերում պետք է անցկացնել հանդիպումներ, աշխատաժողովներ, որպեսզի գյուղերի կանայք փորձեն գիտակցել, թե որքան կարևոր գործոնից են իրենց հետ պահում։ Մանուշակը նաև նշեց այն, որ գյուղի կանայք միշտ զբաղված են տան գործերով, ոչ բոլորն են ցանկանում գնալ վարչական կենտրոններ ու քաղաք՝ մասնակցելու նման հանդիպումների։ Նրա խոսքով կարևոր է, որ այս քննարկումները հասնեն գյուղեր։
«Գյուղի և քաղաքի կանայք շատ տարբեր են․ գյուղի կանայք նույնիսկ իրենց իրավունքները չգիտեն, նրանց հետաքրքրության շրջանակը նեղ է, գլխավորը գյուղի գործերն ու հոգսերն են։ Գյուղում ոչ մի հետաքրքիր ու կարևոր բան տեղի չի ունենում կանանց համար, գոնե վարժանքներ լինեն, որում կանայք կցուցաբերեն իրենց մասնակցությունը», — ասաց Մանուշակը։
Վրաստանի մասշտաբով կանանց ընտրական գործընթացներին մասնակցելու մասին «Ալիք Մեդիա»-ն խոսել է ազգային փոքրամասնությունների թեմային քաջածանոթ, հայագետ, քաղաքագետ Լելա Ջեջելավայի հետ։ Նա ասում է, որ թեև ոչ բոլոր կանայք են մասնակցում ընտրական գործընթացներին թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներով, բայց եթե ուշադիր նայենք, ապա ընտրական հանձնաժողովի անդամների մեծ մասը կանայք են։ Կանայք քաղաքականապես շատ ավելի ակտիվ են, քան տղամարդիկ։ Այն, որ նրանք ավելի քիչ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում, դեռ չի նշանակում, որ նրանք չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Կանայք հակված են կենտրոնանալ խնդիրների լուծման ավելի օպտիմալ ուղիների վրա, քան տղամարդիկ: Տղամարդիկ ընտրում են ավելի ուժգին մեթոդներ, իսկ կանայք ավելի զիջող են։ Ջեջելավայի համոզմունքն է՝ կին քաղաքական գործիչները երկրին շատ կօգնեն։
Ջեջելավան՝ խոսելով Վրաստանում ապրող էթնիկ հայ կանանց մասին, ասում է, որ երիտասարդ սերնդի մոտ միտումը հուսադրող է։ Երիտասարդ հայ կանայք շատ ավելի հետաքրքրված են քաղաքականությամբ, քան նախորդ սերունդը։ Այնուամենայնիվ նրա ցանկությունն է, որ գործադիր և օրենսդիր մարմիններում ներկայացված լինեն ավելի շատ կանայք, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:
«Կանայք կազմում են մեր երկրի 50 տոկոսից ավելին, հետևաբար այս երկրի ճակատագիրը նրանց ձեռքերում է, եթե նրանք բավականաչափ ներգրավված լինեն քաղաքական գործընթացներում և ակտիվ լինեն ընտրություններում, իմ կարծիքով, այս տարվա ընտրությունների ճակատագիրը կորոշեն կանայք, երիտասարդներն ու ներգաղթյալները», — ասել է GrlzWave կազմակերպության հիմնադիրներից Աթինա Բրեգվաձեն «Ռադիոթավիսուփլեբա» — ի հետ հարցազրույցի ժամանակ։
Ըստ Ազատություն ռադիոկայանի Վրաստանի ծառայության՝ Վրաստանում կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում ունի հետևյալ տեսքը.
- 12 նախարար, որոնցից միայն երկուսն են կին,
- Փոխնախարարների 75 տոկոսը տղամարդ է,
- ինը կառավարիչներից բոլորը տղամարդիկ են
- տղամարդկանց կտրուկ մեծամասնությունը տեսանելի է նաև վրացի դիվանագետների շրջանում, կանանց մասնաբաժինն արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոններում կազմում է ընդամենը 19 տոկոսը,
- արդարադատության բարձրագույն խորհրդում, որը բաղկացած է 15 անդամից, ընդամենը երեք կին կա
- տասը ակտիվ ընդդիմադիր կուսակցություններից միայն երեքն են կին նախագահող։
Հիշենք, որ կանանց ընտրական իրավունքների համար ակտիվ շարժումը սկսվել է դեռ 19-րդ դարի երկրորդ կեսից։ Ֆեմինիստ կանանց աշխատանքը տվել է իր արդյունքը, նրանց ակտիվ աշխատանքի ֆոնին 1869 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է նոր Վայոմինգ նահանգը, որտեղ կանայք առաջին անգամ ընտրելու իրավունք են ստացել ԱՄՆ-ում և աշխարհում։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան