
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Իր շնորհավորական ուղերձում Բայդենը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասին, անդրադարձել է նաև հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին և դրանում Վրաստանի ներգրավմանը։
Ջո Բայդենի խոսքով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
«ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա տարածաշրջանային հետագա համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների: ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա»,- նշել է ԱՄՆ նախագահը: