Մառնեուլիի շրջանի մշակույթի տանն այսօր կայացավ հայկական և ադրբեջանական դպրոցների աշակերտների մասնակցությամբ մշակութային միջոցառում։
Մշակույթի տան նախասրահում աշակերտների գեղանկարներն ու ձեռագործ իրերն էին ներկայացված:
Իսկ արդեն դահլիճից հնչում էին վրացական ժողովրդական, սիրված կինոֆիլմերից երգեր։ Մասնակիցները երգում էին սոլո, դուետ կամ խմբային տարբերակով: Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում նաև միայն գործիքային կատարումները։
Նախագծի հեղինակը Մառնեուլիի շրջանիկ էթնիկ հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Խոժոռնի գյուղի վրացերենի կոնսուլտանտ ուսուցչուհի Լալի Մարգիանին է։
«2017 թվականին, երբ եկա Խոժոռնիի դպրոց, երեխաները վրացերեն այդքան էլ լավ չգիտեին։ Այդ ժամանակ 12-րդ դասարանում հայերեն լավ երգող աշակերտուհի ունեի, առաջարկեցի վրացերեն երգի, տեսագրեցի ու վիդեոն տարածեցի յութուբում և ամենուրեք։ Դրանից հետո անվերջ մտածում էի, որ ինչ որ բան պետք է անեմ»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է Մարգիանին՝ հավելելով, թե չէր պատկերացնի, որ այսքան մեծ արձագանք կստանա իր մտահղացումը։
Մարգիանին նշում է, որ դպրոցներում թեև շատ տաղանդավոր աշակերտներ կան, սակայն, ցավոք, երաժշտության, նկարչության դասաժամերին բավարար ուշադրություն չի դարձվում, ինչն էլ դարձել է նախագիծն իրականացնելու իր նպատակի հիմքը։
«Նկարները մրցույթի մաս չեն կազմում, այս տարի միայն երգերն են մրցութային։ Սա դեռ սկիզբն է, տեսնենք, մյուս տարի գուցե ավելի մեծ ծավալի նախագիծ իրականացնենք»,- ասում է ուսուցչուհին։
Մարգիանին այլ դպրոցները ևս այս նախագծում ներառելու գաղափարի մասին ասում է.
«Հասկացա, որ, եթե մեր դպրոցում կան տաղանդավոր երեխաներ, ապա այլ դպրոցներում ևս կան, և ցանկացա առաջարկել բոլոր այն դպրոցներին, որոնք կցանկանան՝ մասնակցեն նախագծին»։
Նախագծին մասնակցում էին Դամիայի, Շահումյանի 3-րդ, Զեմո Սարալիի, Շուլավերիի 2-րդ, Մառնեուլիի 8-րդ, Գյուլիբաղի, Աղքյորփիի, Կարմիրգյուղի և Խոժոռնիի հանրակրթական դպրոցները։
Ընդգծենք, որ նախագծին մասնակցում էին նաև այս դպրոցներից ուսուցիչներ, որոնք ներկայացան երաժշտական կատարումներով:
Դամիա գյուղի դպրոցի տնօրեն Սիլվա Ամիրյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ նախագիծը երեխաներին շատ առավելություններ է տալիս, քանի որ բացի իրենց աշխատանքից, ծանոթանում են նաև իրենց հասակակիցների աշխատանքներին, նաև նրանց հետ անմիջական շփման և փորձի փոխանակման հնարավորություն են ունենում։
«Եղավ համապատասխան առսջարկը և մենք մեծ սիրով ընդունեցինք այն։ Ուսումնական առումով այս նախագիծը երեխաներին ավելի շատ կբացի և, որ ամենակարևորն է՝ ակտիվացնում է նրանց կյանքը»։
Խոժոռնիի դպրոցի տնօրեն Ռիմա Ղարիբյանն էլ նշում է, որ թեև նախաձեռնությունը Խոժոռնիի դպրոցինն է, սակայն սա կարող է մոտիվացանել նաև մյուսներին։
«Մեր երեխաները շատ տաղանդավոր են թե՛ երաժշտական, թե՛ նկարչական առումով, թե՛ ձեռագործության բնագավառներում և, բնականաբար, իրենց աշխատանքը գնահատված տեսնելով առավել կոգևորվեն»,- ասում է Ղարիբյանը։
Նա նաև ուրախությամբ ընդգծում է, որ շատ լավ է, երբ այսպիսի միջոցմանը մասնակցում են թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական դպրոցներ և, որ նախագիծն այսքան լավ է մեկնարկել։
Մառնեուլիի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Հրաշալի նախագիծ է, այստեղ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն է տրված երգի միջոցով ինտեգրվել վրաց հասարակությանը։ Նախագիծը երեխաների մոտ հետաքրքրություն կառաջացնի, որպեսզի ավելի լավ սովորեն վրաց լեզուն»։
Մարգիանին նշում է, որ նախագծի համար նախ համաձայնություն է ձեռք բերել, այնուհետև մշակույթի կենտրոնի հետ է պայմանավորվել, որպեսզի հատկացնեն իրենց տարածքը։ Նախագծին աջակցել է նաև Ցագերիի շրջանի «Երեխաների, կանանց և գենդերային հավասարության» կենտրոնը, Իրակլի Ճկղատուայի անվան արվեստի հիմնադրամը։ Ժյուրիի կազմում էին դպրոցական գրքերի հեղինակ Մայա Օթիաշվիլին, Ցագերիի շրջանից երաժշտական մրցույթներում հաղթած, երաժշտության ուսուցչուհի Իզա Խեցուրիանին, «Երեխաների, կանանց և գենդերային հավասարության» կենտրոնի տնօրեն Մարինե Սվանուրիձեն և «Սխվա Սաքարթվելո» փառատոնի հեղինակ Մայա Ջամալաշվիլին։
Նշենք, որ ժյուրիի անդամների կողմից մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական նվերներ, պատվոգրեր յուրաքանչյուր մասնակցին և դպրոցին, ինչպես նաև նախագծին աջակցած բոլոր մասնակիցներին։