Հայկական «Արմենպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ծովային տարածքի օգտագործմամբ փոխադրումներ են սկսվել Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։
Ըստ գործակալության՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» տրանսպորտային ընկերության տնօրեն Դավիթ Իլոյանն ասել է, որ իրենք երկար ժամանակ այլընտրանք են փնտրել Ռուսաստանից Լարսով Հայաստան բեռնափոխադրումներին, իսկ այս տարվա ապրիլից սկսել են փոխադրումները Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղությամբ և հակառակ ուղղությամբ։ Բեռնափոխադրումները պետք է իրականացվեն պետության սուբսիդավորմամբ։
«Այսօրվա դրությամբ մեր նավը կարող է տեղափոխել 350 կոնտեյներ։ Ապրիլի 18-ին մենք առաջին բեռնափոխադրումը բարեհաջող կատարել ենք։ Նախատեսում ենք այնպես անել, որ շաբաթական մեկ կանոնավոր փոխադրում իրականացվի Նովոռոսիյսկ-Բաթումի և հակառակ ուղղությամբ։ Պահանջարկին զուգահեռ կարող ենք ավելացնել փոխադրումների քանակը 2 կամ 3 անգամ, որքան անհրաժեշտ կլինի։ Հիմա ամենակարևորը շաբաթը մեկ անգամ կանոնավոր, կայուն փոխադրում իրականացնելն է»,- ասել է Իլոյանը։
Ի դեպ, Վրաստանի կառավարությունը դեռ չի արձագանքել այդ տեղեկատվությանը։
Նշենք, որ մինչ այդ` հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ շուտով Սև ծովով հավանաբար կսկսվի Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռների լաստանավային փոխադրումը, որից կկարողանան օգտվել Հայաստանի բեռնափոխադրողները։ Խոսքը Փոթի նավահանգիստը Ռուսաստանի «Կավկազ» նավահանգստի հետ կապող լաստանավային անցուղու մասին է։ Լաստանավային անցումն այլընտրանք է վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս»՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհին։
Օգոստոսին Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, որը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը կից կառույց է, հայտարարություն էր տարածել, որում պարզաբանվել էր միայն, որ Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանին սպասվում է արագ փչացող ապրանքների առաքման ուշացում։ Ուստի, ըստ գործակալության՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել էր դիտարկել ծովային տրանսպորտը որպես այլընտրանք Լարսի սահմանային կետի:
Հայտարարության մեջ գրված էր նաև, որ Հայաստանը քանի որ ելք չունի դեպի ծով` օգտվում է վրացական նավահանգիստներից, ինչը նախատեսված է միջազգային կոնվենցիայով։
Օգոստոսի վերջին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանն ավարտել է խորհրդակցությունները տրանսպորտային ընկերությունների հետ՝ Ռուսաստանի հետ լաստանավային անցման բացման առումով։
Հայ բեռնափոխադրողների այլընտրանքը. ՌԴ-Վրաստան լաստանավային ուղին