Այսօր Վրաստանի գրողների տանը տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի վրացերեն թարգմանության շնորհանդեսը։ Հատկանշական է, որ սա բանաստեղծուհու վրացերեն թարգմանված երրորդ գիրքն է։ 2015 թվականին գրված «Լիբրետո անապատի համար» ստեղծագործությունը թարգմանված է 15 լեզուներով։
Գրքի վրացերենով տարբերակը հասանելի է դարձրել Գիվի Շահնազարը։
Գրքի շնորհանդեսի ընթացքում Վրաստանի գրողների միության նախագահ Մակղվալա Գոնաշվիլին Սոնա Վանին անակնկալ մատուցեց՝ շնորհելով գրողների միության անդամակցություն:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Սոնա Վանը նշեց, որ Վրաստանի ու վրաց գրականության հետ իր կապը մեկնարկել է վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Անահիտ Բոստանջյանի միջոցով: Առաջին՝ «Ես անուն չունեմ» խորագրով ժողովածուն վրաց ընթերցողին է ներկայացրել հենց Անահիտ Բոստանջյանը:
Շնորհանդեսին ներկա էր Գիվի Շահնազարը, Սոնա Վանը և մի շարք հյուրեր։
Սոնա Անուշավանի Տեր-Հովհաննիսյանը հեղինակ է քնարախոհական բանաստեղծությունների ժողովածուների։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին։ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» լեհերեն թարգմանված գիրքն աժանացել է է Կլեմենս Յանիզկու անվան Յանիցիուս միջազգային մրցանակի: Սոնա Վանին Լեհաստանում շնորհվել է Պոեզիայի և Արվեստի ՀՈՄԵՐ ԵՎրոպական Մեդալ: