
Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի սկիզբը նշում է հունվարի 26-ին։
Թբիլիսիում Սուրբ Սարգսի նախատոնակը մեկնարկեց հավատացյալների թափորով դեպի Սուրբ Սարգիս հինավուրց մատուռ և շարունակվեց դեպի Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սուրբ Գևորգ եկեղեցում երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ։
Նշենք, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին ու սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ավանդույթի համաձայն, Սուրբ Սարգիսը պետք է անցնի տանիքով կամ պատշգամբով և ում մատուցարանի մեջ դրված փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը։