Փետրվարի 3-ի երեկոյան հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը:
«Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է ուխտագնացություն՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից դեպի Սուրբ Սարգիս մատուռ: Մոմավառությունից և աղոթքից հետո ուխտավորները շարժվել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ էլ մատուցվել է տոնական պատարագ ու բաժանվել աղի բլիթներ:
Տոնի մասին կենտրոնը գրում է․ «մեծ սեր ու հետաքրքրություն վայելող տոնը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև` ժողովրդական ավանդույթներով»:
Նշենք, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին ու սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ավանդույթի համաձայն Սուրբ Սարգիսը պետք է անցնի և ում մատուցարանի մեջ դրված փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը։