«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում Վրաստանին սատարող գրառումներով լուսանկար է տարածել։
Կազմակերպության մի քանի անդամ լուսանկարվել են «Մենք ձեզ աջակցում ենք» գրառումով և Վրաստանի դրոշով պաստառներով։
ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հենրիկ Սահակյանն «Ալիք մեդիային» ասում է, որ ՀԿ-ն Վրաստանում բազմաթիվ գործընկերներ ունի և կարևորում են նրանց աջակցելը։
«Քանի որ միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներից շատերը նաև Վրաստանից են, ուստի ակտիվորեն հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Փորձում ենք մեր աջակցությունը հայտնել Վրաստանի երիտասարդներին, այնտեղ գործող երիտասարդական կառույցներին։ Հատկանշական է, որ այս իրադարձությունների կիզակետում հենց երիտասարդներն են և մեզ հետ համագործակցող կազմակերպություններից բազմաթիվ անդամներ են ներգրավված շարժման մեջ,-ասում է Սահակյանը՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ էլ Հայաստանն էր անցնում նույն գործընթացով, ուստի իրենք կարող են օգտակար փորձով կիսվել,- հասկանում ենք, թե ինչի միջով են հիմա անցնում նրանք, ինչ ապրումներ ունեն ու ինչ դժվարությունների առջև են կանգնած, ուստի ամեն կերպ կանգնած ենք նրանց կողքին՝ մեր փորձով կիսվելու և նրանց սատարելու համար»։
«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը անձանց շահերի ընդանրության հիման վրա, ոչ կրոնական հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորում է: Կազմակերպության գործունեության սկզբունքներն են` օրինականությունը, կամավորությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը: Կազմակերպության նպատակներն են` Երիտասարդներին իրազեկել սպասվող միջազգային կոնֆերանսների, սեմինարների, կրթական հեռանկարների և այլ միջոցառումների մասին: