Հայ-ադրբեջանական սահմանի էսկալացիան՝ վրաստանյան մամուլում

44-օրյա պատերազմից երկու տարի անց հերթական բախումները կապված են Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ․ Բաքուն պարզ ասում է, թե չկա Ղարաբաղի հարց, սակայն կա Հայաստանի հարց։ 

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լայնամասշտաբ էսկալացիան սկսվեց սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը. այս անգամ հրետակոծվեցին հայկական գյուղեր և քաղաքներ, Ադրբեջանը որոշ հատվածներում, մասնավորապես Ջերմուկի ուղղությամբ, առաջ եկավ՝ մտնելով ՀՀ ինքնիշխան տարածք:

Վրացական մամուլն ի տարբերություն 44-օրյա պատերազմի և Արցախի հետ կապված իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լայնածավալ հակամարտությունն առավել օբյեկտիվ է լուսաբանել։

«Ալիք մեդիան» հետևել է սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների լուսաբանմանը Վրաստանում գործող վրացալեզու, հայալեզու և ադրբեջանալեզու մամուլում:

Պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Վրաստանի հանրային հեռարձակողի՝ Առաջին ալիքի կայքում ՀՀ սահմանային էսկալացիայի վերաբերյալ սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակվել է 35 նյութ: Հանրային հեռարձակողի հրապարակած նյութերը հիմնականում պարունակում են երկու կողմի տեղեկությունը, նշվում է, որ  «կողմերը միմյանց են մեղադրում»: 

Առաջին ալիքն անդրադարձել է սահմանային լարվածության մեկնարկին՝ հրապարակելով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը, այնուհետև  ԱՄՆ պետքարտուղարի կրակը դադարեցնելու մասին  հայտարարությանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի հեռախոսազրույցներին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ

Հանրային հեռարձակողն առանձին նյութով անդրադարձել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչի ելույթին՝ նշելով, որ «ըստ հայկական կողմի՝ հրադադարի պայմանագիրը վտանգված է», մեկ այլ նյութով էլ հրապարակել է նույն ժամանակահատվածում ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ​​ներկայացուցչի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանը փորձում է խաթարել խաղաղ գործընթացը»:

Առաջին ալիքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին Երևանում ընթացող բողոքի ցույցերին՝ նշելով, որ «Հայաստանում ընդդիմությունը սպառնում է արգելափակել պետական ​​շենքերը: Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ իշխանությունը հրաժարվում է Ադրբեջանի ագրեսիային պատշաճ պատասխան տալ»:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ծավալված ռազմական ագրեսիայի վերաբերյալ սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է 13 նյութ: Լրատվականը բոլոր նյութերում միաժամանակ հրապարակել է երկու կողմի հաղորդագրությունները, առաջին նյութը վերնագրելով՝ «Հայաստանը հայտնում է Ադրբեջանի կողմից կրակոցների, Բաքուն՝ դիվերսիայի մասին»: Թեև ավելի ուշ, «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է հոդված, որը վերնագրել է «Ադրբեջանը հայկական տարածք ներխուժումն «աբսուրդ» է անվանել»: 

Ռադիոկայանը սահմանին տիրող իրավիճակից զատ լուսաբանել է օգնության հարցով Մոսկվային դիմելու  Երևանի որոշումը՝ նշելով, որ «Հայաստանն «Ադրբեջանի ագրեսիայի» պատճառով դիմել է Ռուսաստանի օգնությանը»: Լրատվականն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղարի արձագանքին՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին հաղորդումներով, այդ թվում՝ հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: ԱՄՆ-ն կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն»:

Եվ ավելի ուշ՝ սեպտեմբերի 15-ին, «Ազատություն»-ը անդրադարձել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն այն մասին, որ միջազգային հանրության մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել հրադադարի պայմանավորվածություն։

«Հայաստանի հանրային հեռարձակողի հետ զրույցում Գրիգորյանը չի հստակեցրել, թե ովքեր են մասնակցել այդ գործընթացին։ Ադրբեջանի կառավարությունը հրադադարի մասին պաշտոնական հայտարարություն չի տարածել», — նշվում է հոդվածում:

Վրաստանում գործող «Նետգազեթի» պարբերականը, որ հայտնի է տարածաշրջանային իրադարձությունների վերլուծությամբ, սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային սրացումների վերաբերյալ հրապարակել է 11 նյութ, որոնցից առաջինը հայկական կողմի հայտարարությունն է՝  «Ադրբեջանը հայկական քաղաքներ է ռմբակոծում»: «Նետգազեթի»-ի նյութերից մեկը վերաբերվում էր այդ օրերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցին, մյուսը՝ ՀՀ սահմանին տեղի ունեցողի շուրջ վարչապետ Ղարիբաշվիլիի մեկնաբանությանը: 

Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ՀՀ-ի՝ օգնության համար ՌԴ-ին, առանձին հոդվածներով նաև Մոսկվայի կողմից ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) դիմելուն և ՌԴ արտգործնախարարության պատասխանին

Հարկ է արձանագրել, որ «Նետգազեթի»-ն ադրբեջանական կողմի միայն մեկ տեղեկատվություն է տարածել, որտեղ նշվում է, որ «Հայաստանի հետ սահմանային բախումների արդյունքում զոհվել է 50 զինծառայող»:

Վրացական Interpressnews լրատվականը, որ հիմնականում տարածում է պաշտոնական տեղեկատվություն, հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում արտատպել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունները, ինչպես նաև թեմային առնչվող տարբեր հայտարարություններ:

Հատկանշական է, որ լրատվականը սեպտեմբերի 15-ին հարցազրույց է արել և՛ Վրաստանում Հայաստանի դեսպանի, և՛ Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

Իշխանական Imedinews լրատվականն առաջին նյութը հրապարակել է սեպտեմբերի 13-ին՝ 01:30-ի սահմաններում, երբ սահմանային իրավիճակի մասին առաջին պաշտոնական հաղորդագրություններն էին տարածվում, «Ադրբեջանը հրետակոծում է հայկական դիրքերը» վերնագրով՝ հղվելով ՀՀ ՊՆ-ին:

Ընդհանուր՝ Imedinews-ը հրապարակել է 11 նյութ, որոնցից միայն երկուսն են ադրբեջանական կողմի տեղեկատվություն: Նշված երկու նյութերից մեկը Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն է, որտեղ հայկական կողմին ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ են մեղադրում, իսկ մյուսը՝ ադրբեջանական կողմի զոհերի թվի վերաբերյալ տեղեկությունն է:

Հատկանշական է, որ Imedinews-ը չի անդրադարձել օգնության խնդրանքով ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին դիմելու Հայաստանի որոշմանը, թեև, ակտիվորեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Վրաստանյան ընդդիմադիր համարվող «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը, որը Ղարաբաղյան պատերազմի օրերին աչքի էր ընկնում ակտիվ կողմնակալ հրապարկումներով, Հայաստանի սահմանին տեղի ունեցողի շուրջ փորձել է ապահովել չեզոք լուսաբանում։ Սեպտեմբերի 13-ի առավոտյան լուրերի թողարկման ժամանակ 5 րոպե տևողությամբ եթեր է տրամադրել՝ «Լարված իրավիճակ և փոխադարձ մեղադրանքներ․ ի՞նչ է կատարվում Հայաստան-Ադրբեջան սահմանին» թեմային:

«Մթավարի արխին» իր եթերներում հիմնականում անդրադարձել է երկու կողմերի տեղեկատվությանը՝ հավասար, սակայն, հարկ է նշել, որ հեռուստաընկերության հաղորդումներում գերակշռում էր հակառուսական տրամադրվածությունը: Այդպիսին է օրինակ «Ռուսական բանակը հարվածի տակ է» վերնագրով հաղորդումը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ռուսական բանակը կրկին հարվածի տակ է, այս անգամ Ղարաբաղի տարածքում: Անկախ աղբյուրները տարածում են տարբեր ժամանակներում և վայրերում նկարահանված կադրեր, որտեղ երևում է ոչնչացված ռուսական տեխնիկան», — տեսանյութն սկսվում է հաղորդավարի նման մեկնաբանությամբ․ «ո՞վ է հարձակվել ռուսական տրանսպորտային շարասյան ու «ԷֆԷսԲե»-ի բազայի վրա՝ անհայտ է․․․»:

Մեկ այլ ընդդիմադիր համարվող «Ֆորմուլա» լրատվականը ևս իր նյութերում փորձել է պահել տեղեկատվական բալանսը՝ միաժամանակ հրապարակելով երկու կողմերի հաղորդագրությունները: «Ֆորմուլան» սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի և արձագանքների վերաբերյալ 18 տեքստային նյութ է հրապարակել:

«Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ժամը 00:05-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել սահմանի հայկական դիրքերի ուղղությամբ. ռմբակոծվել են Գորիսը, Սոթքը, Վարդենիսը և Ջերմուկը։

Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Երևանին Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի շրջանների ուղղությամբ դիվերսիաների մեջ (տեղանուններն ըստ լրատվականի, որոնք էլ վերցված են Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունից):

Հայաստանն օգնության համար դիմել է Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին», — «Ֆորմուլան» իր նյութերում հիմնականում օգտագործել է տեղեկության նման ամբողջացումը:

«Ֆորմուլա»-ն անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի հեռախոսազրույցներին ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ նախագահի, ինչպես նաև Վրաստանի վարչապետի հետ: Լրատվականը գրել է նաև ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ դիտորդական առաքելություն ուղարկելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ «Ֆորմուլա»-ի եթերում հեռարձակվել է նաև անկախ քաղաքագետ Ակա Զարքուայի հետ հարցազրույցը․ վերջինս խոսելով Հայաստանի մոտեցումների մասին՝ հաղորդավարի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ կողմից հնչեցվող այն արտահայտությանը, որ «Ադրբեջանը օկուպացնում է ՀՀ տարածքները», պատասխանում է. 

«Հայաստանի դիրքորոշումը մինչ այդ էլ նույնն էր՝ Ադրբեջանը օկուպացնում է հայկական տարածքները. հայերը նույն համոզմունքին են նաև Արցախի հարցում: Վտանգավոր է, սակայն, որ հակամարտության տարածքն այսօր մեծացել է, ինչը ցույց է տալիս կողմերի, ավելի շատ Ադրբեջանի տրամադրվածությունը, որն այս իրավիճակում ուզում է իր աշխարհաքաղաքական կշիռն էլ ավելի բարձրացնել»: 

Վրաստանի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի  «Մառնեուլի FM»  ռադիոն, որը եթեր է հեռարձակվում երեք լեզուներով՝ ադրբեջաներեն, վրացերեն և հայերեն, սահմանային իրավիճակի վերաբերյալ առաջին նյութը հրապարակել է սեպտեմբերի 13-ի առավոտյան 09:27-ին՝ արտատպելով Interpressnews լրատվականից՝ աղբյուրի նշմամբ, որտեղ ասվում է, որ «ադրբեջանական կողմի հայտարարությամբ՝ հայկական կողմը սադրանքի է դիմել», իսկ «հայկական կողմի տեղեկության համաձայն՝ ադրբեջանական զինուժը հրետանային և խոշոր տրամաչափի զինատեսակներից սկսել է ինտենսիվ ռմբակոծել հայկական դիրքերը»:

«Մառնեուլի FM»-ն անդրադարձել է նաև Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանն առ այն, որ «Հայաստանը պետք է դադարեցնի սադրանքները», ինչպես նաև հիշատակել է Մոսկվայից օգնություն խնդրելու Երևանի դիմումը և ՌԴ-ի պատասխանը: Լրատվականը գրել է նաև Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի  հայտարարության մասին, որում վերջինս նշում է. «Հայաստանն ու Ադրբեջանը մեր բարեկամներն են, և այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է»:

Ռադիո «Մառնեուլին» վերահրապարակել է նաև Interpressnews-ին տված Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հարցազրույցը, որտեղ դեսպանը մասնավորապես նշում է՝ «Խաղաղությունն ու զարգացումը Ադրբեջանի օրակարգում են, բայց դա պետք է երաշխավորված ու պաշտպանված լինի. արկածախնդիր շրջանակներին կարող եմ հիշեցնել Ադրբեջանի «երկաթե բռունցքը», որը միշտ տեղում է»:

Վրաստանում գործող երկլեզու՝ ադրբեջաներեն և վրացերեն 24news.ge կոչվող լրատվականը  կայքի վրացալեզու հատվածում սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիայի մասին մի քանի նյութ է հրապարակել: Առաջին նյութով, որը լրատվականը տարածել է սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ 08:09-ին, անդրադարձել է միայն ադրբեջանական կողմից ստացված հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ «Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու մասին հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան անհեթեթություն»:

24news.ge-ը սեպտեմբերի 14-ին հրապարակել է հոդված, որտեղ նշված է. «Հասարակական կազմակերպությունները Հայաստանի սադրիչ գործողությունների կապակցությամբ դիմում են Վրաստանի կառավարությանն ու միջազգային կազմակերպություններին»: Լրատվականը նյութում մասնավորապես մեջբերում է, որ «Մենք՝ Վրաստանի քաղաքացի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ խորապես մտահոգված ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները խաթարող պաշտոնական Երևանի հերթական հարձակման կապակցությամբ և խնդրում ենք միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը օկուպանտ պետության դեմ՝ կանխելու Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը»։

Վերոնշյալ հոդվածում խոսքը «Վրաստանի ադրբեջանական ինտեգրացիոն կենտրոն», «Երիտասարդական կենտրոն — դաշինք» և «Կովկասյան իրավական և ինտեգրացիոն կենտրոն» Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների մասին է, որոնք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը որակելով որպես «Հայաստանի սադրիչ գործողություններ» դիմել են Վրաստանի վարչապետին, նախագահին, խորհրդարանի նախագահին և արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ին և ՆԱՏՕ-ին։

Վրաստանի էթնիկ ադրբեջանցիների կողմից 2020-ի ապրիլին հիմնված aktual.ge կայքն էլ, որ գործում է չորս՝ վրացերեն, ադրբեջաներեն, թուրքերեն ու անգլերեն լեզուներով, վացալեզու հատվածում հիմնականում հրապարակել է ադրբեջանական կողմի տեղեկատվությունը՝ հղում կատարելով Ադրբեջանում գործող մեդիաներին: Այդպիսին է օրինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարության հետ անցկացրած օպերատիվ խորհրդակցության վերաբերյալ հոդվածը, որի աղբյուրն է Azertac լրատվականը:

Մեկ այլ նյութում, որը հրապարակել է aktual.ge-ն, նշվում է, որ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն է տարածել. ըստ առկա տեղեկությունների՝ ռմբակոծվել են մի քանի քաղաքներ»: Նշվածից կարելի է ենթադրել, որ ռմբակոծվել են ադրբեջանական քաղաքներ, այն ինչ՝ իրականությունն այլ է:

Նինոծմինդայի «Նոր» ռադիոկայանը, որի էջն ակտիվորեն գործում է ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով, սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ հրապարակել է 30 հայերեն և 5 ռուսերեն նյութ: «Ռադիո Նորի» նյութերի հիմնական աղբյուր է հանդիսանում Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հարկ է նշել նաև, որ բացի ՀՀ պաշտոնական հաղորդագրությունից, «Ռադիո Նորն» անդրադարձել է ադրբեջանական կողմի զոհերի թվի վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվությանը:

Ախալքալաքիի Jnews լրատվական կենտրոնը, որ եռալեզու (վրացերեն, հայերեն, ռուսերեն) հարթակ է, հայալեզու էջում հրապարակել է 10 նյութ: Դրանցից մեկը Վրաստանի նախագահի թվիթերյան գրառումն է, որով Զուրաբիշվիլին դատապարտում է «երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վտանգավոր էսկալացիան»։ 

Jnews-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի հայտարարությանը նաև, որ  կազմակերպությունը գլխավոր քարտուղարի գլխավորությամբ առաքելություն կգործուղի Հայաստան: Մյուս նյութերում Jnews-ը որպես հիմնական աղբյուր օգտագործել է ՀՀ պաշտոնական տեղեկատվությունը: Եվ որպես նյութերում հիշեցում, Jnews-ը գրել է. «պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը»:

Ախալքալաքի համայնքային ATV12 հեռուստաընկերությունը սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների թեմային անդրադարձել է չորս անգամ: Առաջինով ՀԸ-ն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի գիշերվա իրադարձություններին, բացի այդ սեպտեմբերի 13-ի և 14-ի լուրերի թողարկումներն ամբողջությամբ եղել են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, իսկ սեպտեմբերի 15-ի եթերում վրաստանյան ընթացիկ իրադարձություններին զուգահեռ ներկայացրել է նաև Հայաստանի սահմանին տիրող իրավիճակն ու Երևանում ընթացող բողոքի ցույցերը:

Հարկ է նշել, որ ATV12 հեռուստաընկերությունն օգտագործել է հայկական կողմի տեղեկատվությունը՝ որպես աղբյուր հիմնականում օգտագործելով ՀՀ ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունները: