Հայ-ադրբեջանական սահմանին ծավալված իրադարձությունները չեն վրիպել վրացական մամուլի ուշադրությունից: Հատկանշական է, որ որոշ մեդիաներ իրենց նյութերում հղում են կատարել հայկական աղբյուրներին, ոմանք էլ` ադրբեջանական:
Netgazeti.ge-ն` հենվելով հայկական աղբյուրներին, գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն գրանցվել»:
Այս մեդիան ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը.
«Հայաստանի վարչապետը Ադրբեջանի հետ Հայաստանի կապիտուլյացիան որոշակիացնող փաստաթուղթ ստորագրելու մասին լուրերը որակել է արտաքին չարամիտ ուժերի տեղեկատվական դիվերսիա»,- գրել է Netgazeti.ge-ն:
Accent.ge-ն տարածել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը. «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ միջազգային հանրության մասնակցությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել»։
Հղում կատարելով հայկական մեդիաներին` Accent.ge–ն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ հայ հասարակության զայրացած հատվածը ինքնաբուխ բողոքի ակցիա է անցկացնում երկրի խորհրդարանի շենքի մոտ»,- գրել է Accent.ge-ն:
Radiotavisupleba.ge-ն, ըստ «Թրենդ» գործակալության տարածած պաշտոնական հաղորդագրության` գրել է.
«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն այսօր հայտնել է, որ հայկական զինված ուժերը նահանջել են կադրերի և ռազմական տեխնիկայի բազմաթիվ կորուստներով»:
InterPressNews.ge-ն ևս անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրելով. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հանձնման վերաբերյալ»:
Իշխանական համարվող imedinews.ge-ն ևս անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիային.
«Երևանում բողոքի ակցիայի մասնակիցները պատգամավորներին կոչ են անում մտնել խորհրդարան և հայտարարել Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի մասին»:
Ընդդիմադիր Mtavari Arkhi-ն յութուբյան իր ալիքում վիդեոռեպորտաժով է անդրադարձել հայ-ադրբեջանական հակամարտությանը, իսկ նյութը վերնագրել է. «Հայաստան-Ադրբեջան պատերազմի սպասումով»: