«Հավատարիմ ենք մնում գործընթացին». ընդդիմությունը՝ նախագահին

«Հավատարիմ ենք մնում գործընթացին». այսպես են վրաստանյան արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, ըստ որի՝ նախագահն ընտրություններից առաջ կներկայացնի տեխնիկական կառավարությանը կազմը։

Զուրաբիշվիլին ընդդիմությանը խնդրել է ևս մեկ անգամ հաստատել, որ հավատարիմ են «Վրացական խարտիա»-ի մեջ գրված պարտավորություններին։

Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլին հայտարարել է. «Մենք մնում ենք այդ գործընթացում, իսկ գործընթացի մեջ մնալը նշանակում է, որ այդ գործընթացը ստեղծվում է «Վրացական խարտիա»-ի շուրջ, բնականաբար` մենք մասնակցում ենք այդ գործընթացին»։

Այնուամենայնիվ, նա նաև ընդգծել է՝ ընտրություններից առաջ տեխնիկական կառավարության թեկնածուների անուններ տալը կարող է ռիսկային լինել. դա կարող է հանգեցնել «ընտրական գործընթացի խաթարման, քաղաքացիների հետ շփումների ձգձգման և կուսակցություններին այլ հարցերով զբաղեցման»։

«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդ Թինա Բոկուչավան նույնպես հաստատել է իր կուսակցության հավատարմությունը «Վրացական խարտիա»-ին։ «Ընտրություններից հետո մենք կոալիցիոն կառավարություն կձևավորենք ժողովրդավարական, արևմտամետ կուսակցությունների հետ միասին»,- ասել է Բոկուչավան:

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ը հոկտեմբերի 13-ին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պաշտպանում է Զուրաբիշվիլիի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ տեխնիկական կառավարություն ներկայացնելու նախաձեռնությունը։ Ըստ նրանց՝ նախագահի նախաձեռնությունը լիովին համապատասխանում է «Վրացական խարտիա»-ին։

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Թազո Դաթունաշվիլին ասել է, որ կոալիցիան հավատարիմ է մնում «Վրացական խարտիա»-ին, սակայն կառավարության կազմավորման որոշումը պետք է կայացվի ընտրություններից հետո։

Զուրաբիշվիլին նախագահական նստավայրում կայացած ճեպազրույցում ասել է, որ մտադիր է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարել տեխնիկական կառավարության կազմի մասին: Նախագահը նշել է՝ ընդդիմադիր կուսակցությունների շրջանում այդ հարցի շուրջ տարբեր կարծիքներ կան։

Հիշեցնենք. Զուրաբիշվիլին «Վրացական խարտիա»-ն նախաձեռնել և ներկայացրել է մայիսի 26-ին։ Խարտիան նախատեսում է բարեփոխումներ ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն դրա պայմանները։