ISFED կազմակերպության դիտորդական առաքելությունն առնվազն երեք ընտրակաշառքի դեպք է հայտնաբերել:
Տղիբուլիի 1-ին, Ախմետայի 17-րդ և Չուղուրեթիի 3-րդ ընտրատեղամասերում դիտորդներն արձանագրել են հավանական ընտրակաշառքի դեպքեր, ինչպես նաև ուղղորդողների մոբիլիզացում։ Տղիբուլիիում, ըստ ISFED-ի արտերկրյա դիտորդների, հավանաբար «Վրացական երազանք»-ի ուղղորդողներից մեկը` այլ անձանց հետ միասին, քվեարկության սենյակից դուրս եկած ընտրողին 100 լարիի չափ գումար է փոխանցել։
Կազմակերպության ղեկավար Նինո Դոլիձեն ճեպազրույցում նշել է, որ ընտրատեղամասերի մոտավորապես 75%-ը պատրաստ էր ժամը 08:00-ին քվեարկության գործընթացը սկսել։ Մառնեուլիի ընտրատեղամասերից մեկը, սակայն, բացվել է 8։30-ին։
Որոշ ընտրատեղամասերում կազմակերպության դիտորդներին թույլ չեն տվել հետևել ընթացակարգերին,մասնավորապես՝ Մցխեթայում և Ռուսթավիում, իսկ Զուգդիդիի երկու ընտրատեղամասից կազմակերպության դիտորդներին դուրս են արել։
67-րդ ընտրատեղամասում արձանագրվել է ֆիզիկական բռնության դեպք, իսկ Գլդանիի 75-րդ ընտրատեղամասից 50 մետր հեռավորության վրա ուղղորդողներն ընտրողների հաշվառում են իրականացրել։ Խախտումներ են եղել նաև սարքերի անսարքության, ընտրատեղամասի կազմավորման, մատնանշման հետ կապված։
Ճեպազրույցին նշվեց նաև Զեստափոնիում արձանագրված դեպքի մասին, ըստ որի` «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչն ընտրատեղամաս է տարել քաղաքացու, որի մասին առաքելության դիտորդները համապատասխան գրառում են արել բողոքների գրքում։
Թբիլիսիի Իսանիի շրջանի 41-րդ ընտրատեղամասում տպվել է ժամը 12-ի տվյալներն արձանագրող կտրոնը։
Վերոնշյալ ընտրատեղամասում ժամը 12-ի տվյալներով քվեարկել է 370 անձ՝ 177 կին և 193 տղամարդ։
Ընտրատեղամասում գրանցված է 1892 անձ: ԿԸՀ-ի ղեկավարի գնահատմամբ` ընտրողների ակտիվությունը միջին է։
Հեղինակ՝
Մարիանա Մանուկյան