
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հայտարարությամբ, այս պահին աշխարհում շատ հետազոտություններ են ընթանում և, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նաև երրորդ դեղաչափը:
Գամկղրելիձեի խոսքով, երրորդ դեղաչափով պատվաստումը անհրաժեշտ կլինի երկրորդից 6-8 ամիս անց:
«Մարդիկ, ովքեր երկու անգամ պատվաստվել են, զննվում են, թե որքան ժամանակ են նրանք պահպանում իրենց իմունիտետը, և այս դիտարկումներին զուգահեռ, շատերը կարծում են, որ պատվաստանյութերի մեծամասնության դեպքում անհրաժեշտ կլինի երրորդ դեղաբաժինը: Միգուցե մեզ նույնպես պետք լինի երրորդ դեղաչափը՝ երկրում ավելի ուժեղ իմունիտետ ստեղծելու համար: Միջազգային կազմակերպությունները կարծում են, որ կորոնավիրուսը այդքան հեշտ չի ավարտվի, և մեզ հարկավոր է ամեն տարի պատվաստվել այնքան ժամանակ, քանի դեռ վարակի վիրուսայնությունը չի նվազել», – ասել է Ամիրան Գամկղրելիձեն: