Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոնը» (SJC) հանրահավաքներում ժամանակավոր շինություններ կազմակերպելու կանոնների հնարավոր խստացումը գնահատում է որպես խոսքի ազատության դեմ ուղղված քայլ։
Կազմակերպության կարծիքով, օրենքի ընդունումը զգալիորեն կվնասի Վրաստանում ժողովրդավարության որակին։ SJC-ն թվարկել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած օրինագծում առկա խնդիրները:
- Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի դեմ հակադրություն,
- անորոշ նախադրյալներ,
- օրենսդրության մեջ արդեն իսկ կան հավաքների անվտանգ անցկացման համար անհրաժեշտ երաշխիքներ,
- օրենքի նախագիծը խորհրդարանում քննարկվում է արագացված կարգով՝ առանց դրա անհրաժեշտության։
Կազմակերպության տվյալներով, Վրաստանի Սահմանադրական դատարանի պրակտիկան դիտարկում է հանրահավաքներին շինությունների տեղադրումն արգելելու հնարավորությունը միայն ճանապարհի երթևեկելի հատվածը փակելու համատեքստում։ Ինչ վերաբերում է միջազգային պրակտիկային, ապա Ստրասբուրգի դատարանը բացատրում է, որ բողոքի կոնկրետ ձևն ու տեսքը, օրինակ՝ վրանը, խորհրդանշական դեր ունի և կարող է անբաժան լինել բողոքի ուղերձից։
«Սոցիալական արդարության կենտրոնը» կոչ է անում խորհրդարանին չաջակցել «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններին։
Ի դեպ, «Վրացական երազանքի» նախաձեռնած փոփոխությունը, որով խստացվում է հավաքների և ցույցերի ընթացքում ժամանակավոր շինությունների կազմակերպման օրենքը՝ քաղահասարակությունը միանշանակ չի ընդունել: Խորհրդարանն օրինագիծը կքննարկի արագացված կարգով։ Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը երեկ՝ հոկտեմբերի 3-ին, առաջին ընթերցմամբ պաշտպանել է փոփոխությունը։ Օրինագծին այսօր հավանություն է տվել նաև իրավական հանձնաժողովը։
Իշխանությունը խստացնում է «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը