Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» («ռուսական օրենք») քննարկման և ընդունման ժամանակ բերման ենթարկված, հատուկջոկատայինների կողմից ծեծի ենթարկված խաղաղ ցուցարարների նկատմամբ տարբեր պատիժներ են սահմանվում: Ուշագրավ է, որ նրանցից շատերին հենց բերման ենթարկելու ժամանակ ֆիզիկական բռնության են ենթարկել, հայհոյել են, ոմանք էլ պատմել են, որ բերման ենթարկելուց հետո են ֆիզիկական բռնության ենթարկվել` հայհոյանքների ուղեկցությամբ:
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի քրեական փաստաբան Մարիամ Պատարիձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ ինչպես «ռուսական օրենքի» նպատակներից մեկը խոսքի ազատության սահմանափակումն է, այնպես էլ այդ օրենքի ընդդիմախոսների ձերբակալության նպատակը վախի մթնոլորտի ստեղծումն է և ազատ արտահայտման իրավունքի սահմանափակումը:
«Այս օրենքի իրական նպատակն է սահմանափակել և հնարավորինս անհարմար դարձնել կարծիքի ազատ արտահայտումը։ Այն գործողություններում, որտեղ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) կամայական էր գործում և ապօրինաբար բերման էր ենթարկում ցույցի մասնակիցներին, հիմնականում մենք տեսնում էինք, որ ոստիկանների շղթան (այսպես կոչված՝ կորդոնները) ուներ նախապես բաշխված դեր` շրջափակել ցույցի մասնակիցներին, իսկ հետո բերման ենթարկել: Դրանից հետո դատարանը հիմնականում կիրառել է կալանավորման ժամկետներ՝ զսպող ազդեցությամբ»,- ասաց Պատարիձեն:
Նրա խոսքով, իշխանության կողմից ցույցի մասնակիցների նկատմամբ վախի մթնոլորտի ստեղծումը, հետապնդումները չեն սահմանափակվել միայն օրենքի դեմ ցույցի ընթացքում բերման ենթարկելով կամ ֆիզիկական բռնությամբ ու հայհոյանքներով: Դրանց շարքից են նաև ցույցերի ժամանակ և դրանից հետո քաղաքացիներին անանուն զանգերով սպառնալիքները:
Պատարիձեն նաև նշեց, որ առայսօր որևէ իրավապահ, որ ֆիզիկական բռնություն է կիրառել ցույցի մասնակիցների նկատմամբ` պատասխանատվության չի ենթարկվել:
«Մենք շատ լավ գիտենք, որ այսօր պատժվում են միայն ցույցի մասնակիցները։ Վերանայելով այդ ժամանակահատվածում ցուցարարների դեմ կիրառված բռնությունները և հետագայում պետության արձագանքը, տեսնում ենք ընդհանուր պատկերը, թե ինչ է կատարվել, և որն է պետության նպատակը. այն է` վախեցնել այս մարդկանց, վերահսկել նրանց խոսքի ազատությունը տարատեսակ ռեպրեսիվ մեթոդներով»,- հավելեց Պատարիձեն:
Հուլիսի 10-ին Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Էնուքիձեն 2000 լարիի չափով տուգանել է «գործակալների օրենքի» դեմ բողոքի ակցիայի մասնակից Կախա Կվեկվեսկիրիին. նրան ֆիզիկական բռնության են ենթարկել հատուկ ջոկատայինները։
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2300 լարիի չափով տուգանել է Լազարե Գրիգորիադիսին, որին ոստիկանությունը ձերբակալել էր մայիսի 14-ին «գործակալների օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունման օրը՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը ցույցերի ժամանակ դաժան ծեծի ենթարկված «Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման առաջնորդ Դավիթ Քացարավային տուգանել է 2000 լարիի չափով։
«Ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 20-ամյա Փրիդոն Բուբուտեիշվիլիին դատարանը թողել է կալանքի տակ։
Նշենք, որ ապրիլի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «գործակալների օրենքի» դեմ իրականացված գործողությունների ընթացքում ոստիկանությունը վարչական իրավախախտումների, մանր խուլիգանության և ոստիկանին չենթարկվելու համար բերման է ենթարկել 185 անձի։