Հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած կնոջը մեկուսարան են տեղափոխել

Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում հատուկջոկատայինների կենդանի պատը ճեղքած Նանա Տոմարաձեին տեղափոխել են Զահեսիի քննչական մեկուսարան:

Դեկտեմբերի 3-ի գիշերը փաստաբան Լաշա Տկղեշելաձեն այցելել է բերման ենթարկված Տոմարաձեին: Հատուկջոկատայինները նրան բերման են ենթարկել այն ​​բանից հետո, երբ վերջինս ոտքով հարվածել է հատուկջոկատայինների վահանին։ Այդ կադրերը շուտով տարածվել են ԶԼՄ-ներում:

«Նա ասում է, որ իր 11-ամյա որդին տանը սպասում է և պահանջում է, որ իր դատական ​​նիստը հնարավորինս շուտ անցկացվի», — տեսակցությունից հետո ասել է Տկղեշելաձեն։

Տոմարաձեն բերման է ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով՝ ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու համար։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 3-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ հանրահավաքի ցրման ժամանակ բերման է ենթարկվել 36 ցուցարար։ Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը՝ 260 ցուցարար: Նրանցից մի քանիսն արդեն վարչական տուգանքի կամ վարչական ազատազրկման են ենթարկվել։