Հատուկջոկատայինների 300 հազար լարի արժողությամբ լանչի մրցույթը տապալվել է

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) նախաձեռնած հատուկջոկատայինների և ոստիկանության աշխատակիցների 300 հազար լարի արժողությամբ լանչի համար հայտարարած մրցույթը տապալվել է: ՆԳՆ-ն այդ գումարով նախատեսում էր գնել 35 հազար լանչի հավաքածու:

Բողոքի ակցիաների ժամանակ փողոցներում աշխատող իրավապահների համար լանչի հավաքածուի մրցույթը հայտարարվել էր նոյեմբերի 28-ին՝ Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկի օրը։ Առաջարկների ընդունման ժամկետը լրացել է մի քանի օր առաջ. ընկերություններից ոչ մեկը չի մասնակցել մրցույթին:

Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մինչ մրցույթի հայտարարումը նախարարությունը շուկայի ուսումնասիրություն է իրականացրել, որի շրջանակներում երկու ընկերություններ նախնական ցանկություն են հայտնել մասնակցելու մրցույթին և գին են առաջարկել, բայց այդ ընկերությունները չեն մասնակցել արդեն իսկ հայտարարված մրցույթին, ինչի հետևանքով մրցույթը չի կայացել:

Մրցույթի տապալման պատճառով ՆԳՆ-ն շարունակում է առանց մրցույթի լանչի հավաքածուների ձեռքբերումն առձեռն գնման եղանակով։

2024 թվականի գարնանից ՆԳՆ-ն առանց մրցույթի արդեն գնել է լանչի հավաքածուների մեծ մասը և օրենքի խախտմամբ թաքցնում է գնման մանրամասները։ Radiotavisupleba-ն արդեն մի քանի անգամ գրել է նախարարության կողմից առանց մրցույթի հանրահավաք ցրող իրավապահների համար սննդամթերք գնելու մասին։

Մեկ շաբաթում հատուկջոկատայինների սննդի վրա ծախսվել է շուրջ 516 հազար լարի. FactCheck