Այս պահին հատուկջոկատայինները խորհրդարանի մուտքերի մոտ տեղադրված վրանները հեռացնում են: Միևնույն ժամանակ ցույցի մասնակիցները վանկարկում են «ամոթ է», «Վրաստան», «ստրուկներ»:
Խորհրդարանի դիմաց տեղակայված բեմահարթակից հնչում են ցույցի կազմակերպիչների կոչերը՝ չտրվել սադրանքների, հատուկջոկատայինների հետ բախման մեջ չմտնել:
Րոպեներ առաջ ՆԳՆ-ն կիրառեց նաև ջրցան մեքենա: Խորհրդարանի մուտքերն արդեն բաց են:
Նշենք, որ խորհրդարանի շենքը ցուցարարների կողմից արգելափակված էր շուրջ 24 ժամ: ՆԳՆ-ն զգուշացրել էր հավաքվածներին, որ կես ժամվա ընթացքում կցրի ցույցը:
Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու՝ օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ են սկսվել, միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։