Վրաստանի խորհրդարանի հետնամասում քաղաքացիներին բռնի ուժով ցրելուն զուգահեռ, հատուկջոկատայինները բռնություն են գործադրել նաև լրագրողների, այդ թվում` «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խմբի նկատմամբ:
Հատուկջոկատայինները սպառնալիքներով՝ ստիպողաբար նրանց հեռացրել են խորհրդարանի հետնամասից:
Քաղաքացիների վրա հարձակման հետ մեկտեղ, հատուկջոկատայինները սկսել են նաև ձերբակալել ցուցարարներին: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։ Ըստ նրանց՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է արցուքաբեր գազ և «պղպեղի սփրեյ», որին ի պատասխան` ցուցարարները շշեր են նետել նրանց ուղղությամբ:
Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարների մի մասը խորհրդարանի մոտից Լեոնիձեի փողոցով շարժվում է դեպի կառավարության շենք։ Ցուցարարների մի մասը մնացել է խորհրդարանի առջևի ու հետևի մասերում, ինչպես նաև կողային մուտքերի մոտ։ Խորհրդարանի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ իրավիճակը լարվել է երեկոյան ժամը 21.00-ին, այն բանից հետո, երբ ավարտվել է խորհրդարանի լիագումար նիստը, որում քննարկվում էր «ռուսական օրենք» անվամբ հայտնի օրինագծի երկրորդ ընթերցումը:
Ցուցարարները փորձել են շրջափակել խորհրդարանը, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել փակել խորհրդարանի կողային մուտքերը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել: «Ստրուկներ, ստրուկներ»,- վանկարկել են ցուցարարները։ Ցուցարարները ձեռքերը վեր են պարզել՝ ի նշան այն բանի, որ ցույցը խաղաղ է։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին` «ազատել խորհրդարանի շենքի մուտքի և ելքի տարածքները»։ Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են ջրցան մեքենա և հատուկջոկատայիններ։
Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։ Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։