Հատուկ ջոկատայինները հատուկ միջոցներ կիրառելով մտել են ընդդիմադիր ՄԱՇ-ի գրասենյակ. Մելիան ձերբակալվեց

Ընդդիմադիր գործիչ Նիկա Մելիան ձերբակալվեց։ Նրա գործով ժամեր առաջ Թբիլիսիում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենք էին փորձում մտնել հատուկ ջոկատայինները, որոնք հանդիպելով դիմադրության` հատուկ նյութ են բաց թողել ՄԱՇ-ի գրասենյակի այն հատվածի վրա, որտեղ գտնվում են Մելիան ու նրա աջակիցները։

Տևական ժամանակ ընդդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ հավաքված Մելիայի աջակիցները թույլ չէին տալիս իրավապահներին` մուտք գործել շենք, ինչը մի քանի բախումների պատճառ դարձավ։ Ի վերջո` հատուկ ջոկատայիններին հաջողվել է շենք մտնել հակահրդեհային մուտքով:

Նիկա Մելիային կալանավորելու հարցով այսօր հայտարարություն է տարածել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հորդորելով ՄԱՇ-ի գրասենյակի մոտ հավաքվածներին չխանգարել դատական որոշման իրականացմանը: Նաև, ՆԳՆ-ն կոչ է արել բողոքը շարունակել խաղաղ ձևաչափով, հակառակ դեպքում՝ կարգուկանոնը խախտող ցանկացած անձ օրենքի առջև պատասխան կտա:

Հիշեցնենք, որ դատարանն օրեր առաջ Մելիային կալանավորելու որոշում էր կայացրել։

Այս թեմայով՝