Պանկիսիում հատուկ գործողության ընթացքում սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը՝ Մալխազ Մաչալիաշվիլին խորհրդարան է մուտք գործել: Նա մտադիր է մասնակցել իրավական հարցերի հանձնաժողովի նիստին և հարցեր ուղղել գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Շալվա Թադումաձեին.
«Հարցի իրավունք ունենալու դեպքում, բազմաթիվ հարցեր կտայի։ Այս երկու տարում այնքան շատ հարց է կուտակվել, չգիտեմ որտեղից սկսել: Իմ գլխավոր հարցը կլինի` ինչո՞ւ է գլխավոր դատախազը ստում ժողովրդին, Վրաստանին, ինձ: Ինչո՞ւ է նա ստախոս», — խորհրդարան մտնելուց առաջ ասել է Մալխազ Մաչալիկաշվիլին:
Մաչալիկաշվիլիին տևական ժամանակ թույլ չէին տալիս խորհրդարան մուտք գործել: Ի վերջո, նա շենք մուտք գործեց պատգամավոր Թինա Բոկուչավայի օգնությամբ:
Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել էր հիվանդանոցում: Նրա հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին մինչ օրս պայքարում է արդարության և որդու սպանության գործը բացահայտելու համար: