Հաճախակի հոսանքազրկումը Խանդոյում` խնդիրների պատճառ

Ախալքալաքի Խանդո գյուղը վերջին շրջանում հաճախ է մնում առանց էլեկտրականության։ Բնակիչների խոսքով՝ անգամ թեթև քամու դեպքում կարող են մի քանի անգամ անջատումներ լինել, որոշ դեպքերում հոսանքազրկումը տևում է ժամեր կամ նույնիսկ օրեր։

Խանդո գյուղի բնակիչները մտահոգված են․ նրանք նշում են, որ վերջին տարիներին էլեկտրամատակարարման վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև ավելի է վատթարացել ։ Չնայած 4-5 տարի առաջ կատարված մալուխների կապիտալ փոփոխմանը, խնդիրները շարունակվում են։

«Վերջին շրջանում լինում են դեպքեր, երբ մի ամբողջ օր առանց հոսանքի ենք մնում, նույնիսկ երբ քամին թեթև է։ Հետո Energo Pro Georgia-ից ստանում ենք հաղորդագրություն, որ կվերականգնվի երեկոյան՝ ժամը 18:00-ին, բայց հաճախ վերականգնվում է միայն հաջորդ օրն առավոտյան»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ եղել են դեպքեր, երբ հոսանքը չի վերականգնվել նույնիսկ 24 ժամ հետո։

Կենցաղային անհարմարություններից զատ հոսանքի հաճախակի անջատումները վնասում են նաև բնակիչների էլեկտրատեխնիկան։

«Անընդհատ միացնել-անջատելու պատճառով մեր սարքերը շարքից դուրս են գալիս։ Ովքե՞ր են փոխհատուցելու վնասները»,- դժգոհում է մեկ այլ բնակիչ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ հաստատեց Energo Pro Georgia ընկերության հետ, որտեղից հայտնեցին, որ անջատումները պայմանավորված են անբարենպաստ եղանակային պայմաններով։

Նշենք, որ էլեկտրաէներգիայի կայանը գտնվում է Ղադո գյուղից մի փոքր վերև, և մոտ ութ գյուղ օգտվում է նույն ենթակայանից։

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան