
Հասմիկ Տոներյանը ջավախքցի ուսանողուհի է։ Իր սերը չինարենի և չինական մշակույթի հանդեպ նա վերածել է ոչ միայն անձնական, այլև մասնագիտական հաջողության պատմության։ Հասմիկն այժմ գտնվում է Չինաստանում, որտեղ շարունակում է զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները՝ շփվելով մշակույթի ամենախորքային շերտերի հետ։
«Չինարենի և չինական մշակույթի հանդեպ սերն իմ փոխարեն որոշեց ամեն ինչ», — ասաց Հասմիկը։
Սկսելով իր կրթությունը Թբիլիսիի պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի կերպարվեստի և սինոլոգիայի բաժիններում՝ նա որոշեց ավելի խորանալ իր ընտրած ոլորտում։ Այժմ ուսանում է Չինաստանի Shandong Normal University-ում՝ Shandong Normal University Friendly City Scholarship ծրագրի շրջանակներում։
«Այս ծրագիրը հնարավորություն տվեց ինձ հասնել իմ նպատակներին և խորանալ իմ հետաքրքրությունների ոլորտում», — նշեց Հասմիկը։
«Ալիք Մեդիա»-ի հետ հարցազրույցի ժամանակ Հասմիկը պատմեց բնակավայրի փոփոխման փորձի ու առաջին մարտահրավերների մասին։ Ինչպես ասում է նա, Չինաստան տեղափոխվելու որոշումը խելամիտ և մտածված է եղել։ Հասմիկը համացանցի միջոցով նախապես մանրամասն ուսումնասիրել է իր նոր միջավայրը ու մոտավոր տեղյակ է եղել հնարավոր դժվարությունների մասին։
«Ընտանիքիս և ընկերներիս աջակցությունը մեծապես հեշտացրեց իմ ճանապարհը։ Առանց իմ ընտանիքի և ընկերների աջակցության դժվար թե կարողանայի հասնել այս կետին։ Նրանք միշտ կողքիս են, ինչի համար անսահման շնորհակալ եմ։ Միակ դժվարությունը, թերևս, հեռավորությունն է՝ տնից հազարավոր կիլոմետրերով հեռու լինելը։ Բայց սերը կրթության և մշակույթի հանդեպ հաղթահարում է ամեն բան», — ասաց նա։
Չինաստանում ուսումնառությունը Հասմիկի համար ոչ միայն լեզվի և մշակույթի խորացման միջոց է, այլև հնարավորություն է շփվել աշխարհի տարբեր ծայրերից եկած մարդկանց հետ։
«Ընկերությունը բազմազգ ուսանողական միջավայրի հետ ինձ համար մի մեծ դպրոց է, որը ձևավորում է իմ աշխարհընկալումը։ Յուրաքանչյուր նոր ծանոթություն, մշակութային փոխանակություն ինձ համար արժեքավոր դաս է», — նշեց նա։
Հասմիկը վստահ է, որ հաջողության գաղտնիքը երեք հիմնական սկզբունքի մեջ է՝ չհանձնվել, հավատալ և երազել։ Իր մեծ ոգեշնչման աղբյուրը նա համարում է իր առաջին ուսուցչին՝ Անա Գոգուաձեին, որն իր մեջ բացահայտել է չինական մշակույթի գեղեցկության հանդեպ ձգտումը։
Հասմիկը նաև խոսեց չինական մշակույթի ազդեցության մասին։ Չինական մշակույթը մեծապես ընդլայնել է Հասմիկի աշխարհայացքը։
«Դա ինձ սովորեցրեց համբերություն, աշխատասիրություն և կյանքի հանդեպ նոր հայացք»,- ասաց նա։
Հասմիկի ապագայի ծրագրերը մեծ են։ Նա նախատեսում է ավարտել բակալավրիատը Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ այնուհետև Չինաստանում շարունակել կրթությունը` մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար։
Երիտասարդներին Հասմիկն խորհուրդ է տալիս լինել համարձակ, երազել և երբեք չնահանջել։ «Երբ սիրում ես այն, ինչ անում ես, մոտիվացիան ինքն իրեն է գալիս։ Երազեք, հավատացեք ձեր ուժերին և շարունակեք ձեր ուղին»,— ասաց նա։
Հասմիկն ընդգծեց, որ հաջողության հասնելու համար կարևոր է նախապես ուսումնասիրել ցանկացած միջավայր, ուր պատրաստվում ես տեղափոխվել։
«Չինացիներն ասում են՝ 生活并不总是一帆风顺的} (կյանքը մշտական հաջողությունը և բաց առագաստներով նավարկելը չէ)։ Կարևոր է պատրաստ լինել դժվարություններին, հաղթահարել դրանք ու չկորցնել ինքնավստահությունը», — եզրափակեց նա։
Հասմիկ Տոներյանի պատմությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես սերը լեզվի և մշակույթի հանդեպ կարող է դառնալ շարժիչ ուժ՝ նոր բարձունքներ նվաճելու համար։