Գիորգի Գախարիան «Վրացական երազանք» թիմի ամենառեյտինգային նախարարներից մեկն է: Այս մասին լրագրողներին ասել է իշխող «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ գնահատելով Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնում առաջադրումը:
Ինչպես նշել է Կալաձեն, հասարակությունը գոհ է Գիորգի Գախարիայի վարչապետ նշանակվելուց:
«Երկրի վարչապետ լինելը մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք գիտենք, թե ինչքան մարտահրավերներ, խնդիրներ կան և այս ամենին լուծում տալ է պետք: Ինչ վերաբերում է Գիորգի Գախարիայի թեկնածությանը, ապա նա «Վրացական երազանք» թիմի ամենառեյտինգային նախարարներից մեկն է: Հետևաբար, երբ հայտարարվեց նրա թեկնածությունը, դուք տեսաք հասարակության գոհունակությունը», — ասել է Կալաձեն:
Կալաձեն համաձայն չէ ընդդիմության այն գնահատականի հետ, որ Բիձինա Իվանիշվիլին հանրությանը ապտակ է հասցրել՝ Գիորգի Գախարիայի թեկնածությունն առաջադրելով: