Հասարակությունը դիմադրում է հակասահմանադրական իշխանությանը. գործադուլ/դասադուլ Վրաստանում

«Այն դեպքում, երբ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը բացահայտորեն դուրս է եկել սահմանադրական շրջանակից, ազգային անհնազանդությունն ընդունելի է և ճիշտ»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց վրացի քաղաքագետ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Գրիգոլ Գեգելիան:

Ինչպես հայտնի է, Վրաստանում եվրոպամետ ցույցերին ընդառաջ բազմաթիվ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, տարբեր կառույցների աշխատակիցներ, արվեստի ոլորտի մարդիկ ի նշան բողոքի հայտարարել են դասադուլ/գործադուլ:

Քաղաքագետի խոսքով, քաղաքական հասարակությունն իրավունք ունի հնարավորինս խաղաղ դիմադրություն ստեղծելու սահմանադրական շրջանակներից դուրս եկած իշխանության դեմ:

«Որքան շատ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ խմբեր ընդդիմանան այս ռեժիմին, այնքան շուտ վերջ կդնենք ճգնաժամին։
Ուսանողները, դիվանագետները, բիզնեսի ներկայացուցիչները, անգամ հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցները և այլք դեմ են իշխանության որոշումներին,- ասաց քաղաքագետը՝ հավելելով,- պետք է հաղթենք խաղաղությամբ և արդարությամբ»:

Ովքեր են աշխատանքային/ուսումնական գործընթացից հրաժարվում

  • Վրացի շուրջ հարյուր երաժիշտ, նրանց թվում` հայտնի ջազային երգչուհի Նինո Քաթամաձեն, փոփ-ռոք երգիչ Էրեկլե Դեիսաձեն, Ալտերնատիվ ռոք կատարմամբ հայտնի «Մծվանե օթախի» (Կանաչ սենյակ) խումբը և այլք։

«Մեր դերը հասարակության շրջանում եղած հույզն ու տրամադրությունը, նրա ուղերձը փոխանցելն է։ Այսօր, երբ Վրաստանի քաղաքացին ամեն օր հալածվում, ծեծի է ենթարկվում և ապօրինի ձերբակալվում իր ազատության և սեփական երկրի եվրոպական ապագայի պաշտպանության համար, մենք հայտնում ենք մեր բողոքը»,- գրել են երաժիշտները։

  • Մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ,  նրանց թվում` Բաթումիի Իլյա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնի 56 աշխատակից։

«Մենք՝ Բաթումիի Իլիա Ճավճավաձեի անվան դրամատիկական թատրոնի աշխատակիցներս, կտրականապես մերժում և դատապարտում ենք կառավարության վերջին որոշումները»,- գրել է դրամատիկական թատրոնի տնօրենը:

  • Տարբեր ուսանողական հաստատությունների ուսանողներ, որ ի նշան բողոքի դասադուլ են հայտարարել.
  • Աշակերտներ, որոնք հայտարարել են դասադուլ։

Ի նշան բողոքի դասապրոցեսին հրաժարվել են մասնակցել Թբիլիսիի 52-րդ հանրակրթական դպրոցը, 199-րդ (Կոմարով) դպրոցը, Իլիա Մարթլիի անվան դպրոցը, Քութաիսիի ֆիզիկամաթեմատիկական 41-րդ, Զուգդիդիի 4-րդ հանրային դպրոցը, Քոբուլեթիի 138-րդ դպրոցը, Բաթումիի 8-րդ հանրակրթական դպրոցը և այլն:

«Ես և ընկերներս դեռևս գարնանային բողոքի ակցիաների ժամանակ (երբ ընդունվեց «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը- հեղ.) որոշեցինք արտահայտել մեր կամքը դասադուլի միջոցով: Դա դարձավ մասշտաբային, և այլ ուսումնական հաստատություններ նույնպես սկսեցին արտահայտել իրենց բողոքը»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում պատմեց Իլիայի պետական ​​համալսարանի շրջանավարտ Քրիստինա Գուբասարյանը:

Ըստ նրա՝ երբ խոսքը վերաբերում է ազատ խոսքի և բողոք արտահայտելու իրավունքին՝ դասադուլ/գործադուլ պետք է, նույնիսկ` անհրաժեշտ է:

Քրիստինան նշեց, որ դասադուլը հաճախ կիրառվող և գործնական բողոքի միջոց է. նա օրինակ բերեց Եվրամիության մի շարք երկրներ, դրանց թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և այլն:

«Ուզում եմ ասել, որ ոչ մի դեպքում չպետք է հանձնվենք. հիմա խոսքը վերաբերում է ազատ և անկախ երկրում ապրել-չապրելուն: Ուսանողները, բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները գործում են իրենց իրավական դաշտում»,- հավելեց Քրիստինան:

Հիշեցնենք, Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։

Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։