Վրաստանի կողմից չվերահսկվող Սոխումիում «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում խաղաղություն և կարգուկանոն ապահովելու, Ուկրաինայի ապազգայնացման և ապառազմականացման նպատակով, ինչպես նաև հաջակցություն ՌԴ գործողություններին» կարգախոսով նախատեսված ցույցի համար ստիպողաբար քաղաքացիներ են հավաքում։ Այս մասին հայտնում է «Նեթգազեթին»՝ հղվելով աբխազական տելեգրամյան ալիքներին։
Նշվում է, որ համապատասխան պահանջներն Աբխազիայի դե ֆակտո Հանրապետության պետական հատվածի աշխատակիցները ստանում են տարբեր ձևերով, այդ թվում՝ գրավոր։
Նշենք, որ Ցխինվալիում մարտի 2-ին ցույց է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն «Լուգանսկի և Դոնեցկի պաշտպանության համար ռազմական գործողություններ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշման»։ Հանրահավաքը կազմակերպել էր Հարավային Օսիայի դե ֆակտո իշխող «Եդինայա Օսեթիա» կուսակցությունը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանը փետրվարի 24-ին պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ և ռմբակոծում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև խաղաղ բնակավայրերը։ Պատերազմին նախորդել էր Ռուսաստանի նախագահի կողմից «Դոնբասի և Լուգանսկի Ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը»։