Վրաստանի ազգային հարկադիր կատարման բյուրոն հեռուստաընկերությունների (ՀԸ) նկատմամբ երկակի ստանդարտներ է կիրառում: Սա է վկայում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության (ՀԿ) զեկույցը:
Ըստ TI-ի՝ բյուրոն ձգձգում է իշխանամետ համարվող «Ռուսթավի 2» հեռարձակող ընկերությունից հեռացված լրագրողների փոխհատուցման վճարումը, իսկ ահա ընդդիմադիր համարվող «TV Պիրվելի»-ի դեպքում Դավիթ Փացացիայի և Կախա Կալաձեի դիմումների հիման վրա կատարողական գործընթացն սկսել է անմիջապես։
Կազմակերպությունը պարզաբանել է՝ մի քանի անգամ դիմել է Ազգային հարկադիր բյուրոյին՝ արդյունավետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով, այդ թվում՝ լրացուցիչ գրությամբ, սակայն` «անարդյունք»։
«Բյուրոյի մոտեցումը կառավարության երկակի ստանդարտների վառ օրինակ է, որի նպատակն է հավատարիմ հեռարձակողների համար ստեղծել «ջերմոցային պայմաններ» և ֆինանսական ճնշման միջոցով թուլացնել քննադատող հեռարձակողներին: Սա պետության զավթման հերթական ակնհայտ դրսևորում է, երբ պետական գերատեսչությունն իր լիազորություններն իրականացնում է ոչ թե օրենսդրությանը համապատասխան, այլ իշխող թիմի շահերով առաջնորդվելով»,- ասված է հայտարարության մեջ։