Եվրախորհրդարանի պատգամավոր Անա Ֆոտիգան Twitter-յան իր միկրոբլոգում անդրադարձել է ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին:
Ըստ եվրապատգամավորի՝ 2008-ի ամռանը Պուտինն այնպես էր պատերազմ ցանկանում, ինչպես 2022-ի փետրվարին:
Ֆոտիգայի խոսքով, այսօր բոլորը տեղյակ են, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ստի՝ իր իմպերիալիստական նպատակներն իրականացնելու ճանապարհին։
«2022-ին, 2014-ին և 2008-ին, ինչպես 1939-ին և 1940-ին, Ռուսաստանը որոշեց ներխուժել իր խաղաղ հարևանների տարածք, քանի որ կարծում էր, որ դրա իրավունքն ունի…»,- գրել է Ֆոտիգան։
Ի դեպ, օգոստոսի 7-ին լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:
Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեջ մեղավոր համարելու ձգտմամբ:
Մեկ պատերազմի երկու ամսաթիվ. քաղհասարակությունն ընդդեմ ռուսական քարոզչության