Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) սոցիալական հարցման համաձայն՝ Վրաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 64 տոկոսը դրական է գնահատել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին գործողությունները՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ, մինչդեռ հարցվածների 15 տոկոսը վատ կամ շատ վատ է գնահատել նրա քայլերը։
Համեմատության համար նշենք, որ հարցվածների մեծամասնությունը՝ 42 տոկոսը, բացասական է գնահատել Վրաստանի խորհրդարանի վերջին գործողությունները, իսկ դրական՝ հարցվածների միայն 34 տոկոսը։
Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործողությունները դրական է գնահատել հարցվածների 41 տոկոսը, վատ կամ շատ վատ է գնահատել հարցվածների 39 տոկոսը։
Նշենք նաև, որ նախագահ Զուրաբիշվիլիի գործողությունները դրական են գնահատել ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները։
Վարչապետի դեպքում դրական գնահատական տվողները հիմնականում «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներից են։
Հարցումներն իրականացվել են հեռախոսով՝ մարտի 7-10-ը, մասնակցել է 1․092 չափահաս քաղաքացի։