«Ազգային ժողովրդավարական ինստիտուտը» (NDI) հերթական հարցումն է իրականացրել Վրաստանում, ըստ որի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմից հետո Վրաստանի բնակչությունը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանի վրա մեծացել է:
Միևնույն ժամանակ, հարցվածները կարծում են, որ երկիրն ավելի շատ կշահի Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ կապերից, քան Ռուսաստանի: Քաղաքացիները գնահատել են տարբեր կազմակերպությունների և երկրների ազդեցությունը Վրաստանի վրա վերջին 5 տարում։ Հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի ազդեցությունն աճել է, 24 տոկոսը կարծում է, որ նույնն է մնացել, 9 տոկոսի կարծիքով էլ նվազել է, իսկ 14 տոկոսը ձեռնպահ է մնացել այս հարցին պատասխանելուց։
Նշենք, որ NDI-ն այս հարցը տվել էր քաղաքացիներին դեռ պատերազմը սկսվելուց առաջ, երբ հարցվածների 51 տոկոսը կարծում էր, որ վերջին 5 տարում Ռուսաստանի ազդեցությունն աճել է։ Հետևաբար, պատերազմի ֆոնին ավելի շատ մարդիկ են կարծում, որ Ռուսաստանի ազդեցությունը Վրաստանում մեծացել է։
Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ՝ փետրվարի 3-15-ը և մարտի 9-20-ը, մասնակցել է ավելի քան 2 020 քաղաքացի ամբողջ Վրաստանից։ Հարցման միջին սխալի սահմանը -/+ 1,6-1,8 տոկոս է։