Հարցականի տակ է երկրի պաշտպանունակությունը. վերլուծություն

««Վրացական երազանք»-ը հարցականի տակ է դրել մեր հայրենիքի պաշտպանունակությունը, ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունները, կրթական ծրագրերը և քաղաքականությունը»,- «ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին:

Նշենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ.  սրա մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:

Վրացի քաղաքագետի խոսքով՝ ռազմավարության ամենակարևոր բաղադրիչը Վրաստանի պաշտպանունակության բարձրացումն է եղել։

«Սկսենք ռազմավարական գործընկերության կանոնադրությունից։ Կանոնադրությունը ստորագրվել է 2009 թվականի սկզբին։ Դա պատասխան էր 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ագրեսիային, և, բնականաբար, ամենակարևոր բաղադրիչը Վրաստանի պաշտպանունակության բարձրացումն էր»,-գրել է Մելաշվիլին:

Քաղաքագետն ընդգծել է՝ ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիան բաղկացած է 5 բաժնից.

  1. «Սկզբունքների մակարդակ. Այս բաժինն ստեղծում է ամբողջ փաստաթղթի գաղափարը, հետևաբար զարմանալի չէ, որ հենց առաջին հոդվածը «1. Աջակցությունը միմյանց ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը» մեր երկկողմ հարաբերությունների հիմքն է։
  2. Պաշտպանության և անվտանգության համագործակցություն. Վրացական բանակի վերազինումը, ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցումը, ուսուցման ու վերազինման ծրագրերը կդադարեցվեն։ Այդ թվում կդադարեցվի նաև խորը ինստիտուցիոնալ համագործակցությունը:
  3. Տնտեսագիտություն.  Ամերիկայի հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավորության և արտոնյալ վերաբերմունքի մասին կարելի է մոռանալ:
  4. Ժողովրդավարություն և պետական ​​կառավարման բարելավում.  պետական ​​ծառայողների համար ամերիկյան հսկայական ծրագրեր՝ կարող եք մոռանալ նաև սրա մասին:
  5. Օդում կախված են՝ Fulbright, Flex, UGRAD, Legislative Education and Practice (LEAP), the International Visitor Leadership Program, English Language Teaching and Learning Program նախագծերը. նախագծեր Միջազգային այցելուների առաջնորդության և անգլերեն լեզվի ուսուցման համար, որոնք օգնում էին վերականգնել մշակութային հուշարձանները»,- պարզաբանել է Մելաշվիլին:

«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության» (ISFED) իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշել է՝ այս որոշումից հետո Վրաստանը մնում է միայնակ.

«Այն հզոր կապը, որն ունեինք ԱՄՆ-ի հետ, այն պայմանագիրը, որը մեզ դարձնում էր գլխավոր դե յուրե գործընկեր՝ այլևս չի լինի: Սրանից կախված են շատ ոլորտներ՝ վաճառք, բազմաթիվ այլ համագործակցությունների կասեցում, երկրի տնտեսական աճի անկում, որը կազդի երկրի զարգացման վրա»,- ընդգծել է Մոնիավան:

Նա նաև հավելել է՝ ԵՄ-ն նույնպես խոսել է որոշ ֆինանսավորումների դադարեցման, դրանց թվում` ներգաղթյալների համար նախատեսված ֆինանսավորման մասին, եթե երկիրը շարունակի իր հակասահմանադրական ուղին:

Ըստ Մոնիավայի՝ ցավալի է այն վիճակը, որը հիմա տիրում է Վրաստանում, և թե ինչպես է երկիրը վարվում իր քաղաքացիների հետ. նրա խոսքով՝ սա շարունակական կլինի, եթե չանցկացվեն նոր ընտրություններ, և երկիրը դուրս չգա քաղաքական ճգնաժամից: