Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող հարակից տարածքում օկուպացիոն ուժի կողմից ռազմական տեխնիկայի տեղափոխում է նկատվում:
Գերատեսչության հաղորդմամբ, դա նպատակաուղղված սադրանք է, որը բացասաբար է ազդում տեղում առկա անվտանգության միջավայրի վրա:
«Փաստի առնչությամբ ակտիվացվել է թեժ գիծը, խնդրի մասին տեղյակ է Եվրամիության դիտորդական առաքելությունը»,- հայտարարել են ՊԱԾ-ից:
Նշվում է, որ հարցը քննարկվելու է օգոստոսի 29-ին նախատեսված միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման մեխանիզմների ներդրման մասին հերթական հանդիպմանը: