Վրաստանից չվերահսվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը հույս է հայտնել, որ «հանրապետությունը» շուտով կմտնի Ռուսաստանի կազմ։
Գագլոևն ուրախ է, որ «ժողովրդի ցանկությունը համընկել է աշխարհաքաղաքական հնարավորության հետ»:
«Հարավային Օսիայի Հանրապետությունը նույնպես լիովին աջակցել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ։
Ուրախ ենք, որ եկել է պատմական պահը, երբ Ռուսաստանի հետ միավորվելու ժողովրդի ցանկությունը համընկավ այդ քայլի աշխարհաքաղաքական հնարավորության հետ։ Հույս ունեմ, որ հեռու չէ այն օրը, երբ հերթը կհասնի Հարավային Օսիային»,- ասել է դե ֆակտո նախագահը:
Ըստ Գագլոևի՝ Հարավային Օսիայի գլխավոր դաշնակիցը Ռուսաստանն է և լինելու է Ռուսաստանը։ Նրա խոսքով, «հանրապետությունը» կառուցողական և բարեկամական հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության հետ, որը «դիտարկում է բոլոր խնդիրները և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»։