Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանի նախագահ Ալան Թադտաևը «Ռես» գործակալությանը հայտնել է, որ «Ցխինվալիում մոտ ժամանակներս հանրաքվե կանցկացվի՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով»:
«Ներկայումս մշակվում է առաջիկայում նախատեսվող հանրաքվեի անցկացման հարցը։ Հարավային Օսիայի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ արտահայտում է Ռուսաստանին միանալու իր կամքը: Մենք բոլոր հիմքերն ունենք միանալու Ռուսաստանի Դաշնությանը, դրա համար իրավական որևէ խոչընդոտ չկա։ Այսօր գլխավորը հանրաքվե անցկացնելն ու Ռուսաստանի Դաշնությանը միանալն է»,- ասել է Թադտաևը՝ չհստակեցնելով, թե երբ է անցկացվելու այսպես կոչված հանրաքվեն։
Հատկանշական է, որ դե ֆակտո Հվ. Օսիայի հանրապետությունում ապրիլի 10-ին տեղի կունենան այսպես կոչված նախագահական ընտրությունները։ Դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն սկսել է քվեաթերթիկների տպագրությունը, թեև այսպես կոչված հանրաքվեի հարցով քվեաթերթիկները դեռ չեն տպագրվել։
«Հարավային Օսիայի միավորումը Հյուսիսային Օսիայի հետ Ռուսաստանի Դաշնության կազմում՝ օսերի ազգային երազանքն է, և Աբխազիան աջակցում է եղբայրական հանրապետության ժողովրդի նման ձգտումներին»,- TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է դէ ֆակտո անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:
2008 թվականի օգոստոսին, երբ ռուսական բանակը ներխուժեց Վրաստան և օկուպացրեց տարածաշրջանը, Կրեմլը օգոստոսի 26-ին ճանաչեց Ցխինվալիի այսպես կոչված անկախությունը։ Օգոստոսյան պատերազմից հետո դե ֆակտո կառավարությունը բազմիցս դիմել է Կրեմլին միանալու խնդրանքով, սակայն Ռուսաստանը մինչ այժմ ձեռնպահ է մնում օկուպացված տարածքների բռնակցումից։
Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպե Կոֆոդին՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանիի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է, որ «Վրացական տարածքների օկուպացիայի ֆոնին բոլորովին անընդունելի է խոսել որևէ հանրաքվեի մասին»։ Դանիայի արտգործնախարարի խոսքով, օկուպացիայի պայմաններում, երբ էթնիկ զտումներով վտարվել են Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, ոչ մի հանրաքվե օրինական արդյունք չի ունենա։
Մինչդեռ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ Շիդա Քարթլիում «բորդերիզացիան» նպատակ ուներ նախապատրաստել Ցխինվալիի անեքսիային։ Ըստ Սաակաշվիլիի՝ թեև Վրաստանի կառավարությունը դա չի նկատել, սակայն օկուպացված Ցխինվալիի շրջանում Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնելու հարցը դեռ օրակարգային է:
«Հենց սա է, ինչի մասին ես բոլորին զգուշացնում եմ վերջին մեկ տարվա ընթացքում։ Այս ամբողջ «բորդերիզացիան», որը Վրաստանի կառավարությունը չէր դիտարկում, ծառայեց Ցխինվալիի բռնակցման խնդրի նախապատրաստմանը։ Բիբիլովը մեկ ելույթով ջուրը նետեց բազմամյա քարոզչությունը: Հետևաբար, մենք գործնականում մնացել ենք առանց դաշնակիցների՝ մարգինալացված այս մեծ վտանգի առաջ: Միգուցե իշխանությունները հիմա խելքի գան ու քայլեր ձեռնարկեն միասնության և միջազգային հանրության հետ աշխատելու ուղղությամբ»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելոյի» առաջնորդներից Բադրի Ջափարիձեն ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կապիտուլյացիոն քաղաքականությունը հանգեցրել է օկուպացված Ցխինվալի շրջանում Ռուսաստանին միանալու հանրաքվեին։
«Լրիվ անողնաշար ու կապիտուլյատիվ քաղաքականությունը բերում է մեր նկատմամբ թշնամական ուժի ախորժակի ավելացմանը, իսկ ախորժակի աճը դրսևորվեց նրանով, որ հիմա իրենց արյունարբու գեներալներից մեկը հայտարարեց, Հարավային Օսիայի Հանրապետությունում այսպես կոչված հանրաքվեի մասին: Թվում է, թե Մոսկվան որոշել է, որ «Վրացական երազանքը» բարենպաստ պայմաններ կստեղծի նրանց համար անեքսիայի ստորագրման համար»,- ասել է Ջափարիձեն։
Ըստ «Միասնական Վրաստան» կուսակցության ղեկավարներից Անզոր Բիծաձեի՝ «մարտի 31-ն է, այն օրը, երբ աբխազներն ու օսերը Վրաստանի հետ միասին քվեարկեցին Վրաստանի անկախության օգտին»:
«Ի՞նչ ստացանք երեկ ուշ երեկոյան: Եվս մեկ մեծ հարված մեր պետականությանն ու անկախությանը։ Մի՞թե չենք կարող բոլորս, անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական դիրքերից, համախմբվել ու ցույց տալ բոլորին, որ Վրաստանը երբեք չի հանդուրժի այս ամենը»,-ասել է նա:
Նշենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վրաստանի կողմից չվերահասկվող Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը ապրիլի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ խոստացել է մոտ ապագայում միանալ Ռուսաստանին։ Հատկանշական է, որ Բիբիլովը նախկինում բազմիցս նման հայտարարություններ է արել։